Home / Դատարան / Տրանս կնոջ ծեծի փաստով վարույթ է նախաձեռնվել

Տրանս կնոջ ծեծի փաստով վարույթ է նախաձեռնվել

Երեկ Luysi banak տելագրամյան ալիքում հայտնվեց տեսանյութ, որում ոմն Վահե Եղիազարյանը Երևանի Ռոսիա կինոթատրոնի տարածքում ուղիղ եթերով հայհոյանքներ հնչեցնելով ծեծի է ենթարկում տրանսգենդեր կնոջը։

Մինչ տրանս կնոջ վրա հարձակվելը, Եղիազարյանը բարձրաձայնում է մեքենաների համարները, որոնք «գալիս են հերթով, վեկալում տանում են[կնոջը]»։ 

«Ես հիմա պատրաստվում եմ երկու հոգու ցբխեմ, ազնվությամբ, ուղիղ եթերով էլ ցբխելու եմ։ Թող ոստիկանը գա տանի ինձի»։

Տղամարդը մատանիներով կնոջը ծեծելուց հետո, ցույց է տալիս նրանց վրա մնացած արյունը։ Կինը փախչում է։  

Իրավունքի Կողմ Իրավապաշտպան ՀԿ-ի ղեկավար Լիլիթ Մարտիրոսյանը հաղորդում է ներկայացրել ոստիկանություն դեպքի վերաբերյալ։ Կազմակերպությունից Epress.am-ին հայտնեցին, որ Քննչական կոմիտեում նախաձեռնվել է վարույթ, բայց ինչ հոդվածներով՝ դեռ պարզ չէ։

«Լույսի Բանակ» ՌԲՀԿ-ն «հայրենանվեր գործունեություն ծավալելու» համար շնորհակալագիր է հանձնել Վահե Եղիազարյանին։