Կոսովոյի կառավարությունը մեկ ամսով հետաձգել է սահմանային նոր օրենքների կիրառումը։
Ավելի վաղ այդ օրենքները լարվածություն էին առաջացրել երկրի հյուսիսում, որտեղ էթնիկ սերբերը փակել էին ճանապարհները բարիկադներով, միացրել օդային տագնապի ազդանշանները, իսկ անհայտ զինված անձինք կրակել ոստիկանների վրա։ Միջադեպից հետո ոստիկանությունը փակել է Սերբիայի հետ սահմանային երկու անցակետ։
Կոսովոն, որը հիմնականում բնակեցված է ալբանացիներով, անջատվել է Սերբիայից 1999 թվականին և հայտարարել իր անկախությունը 2008 թվականին: Այն ճանաչել են ավելի քան 100 երկրներ, այդ թվում՝ ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան և Թուրքիան: Էթնիկ սերբերը, որոնք մեծամասնություն են կազմում Կոսովոյի հյուսիսային տարածաշրջանում, չեն ճանաչում Պրիշտինայի (Կոսովոյի մայրաքաղաքը) իշխանությունը։
Պրիշտինայի կառավարությունը օրեր առաջ հայտարարեց, որ օգոստոսի 1-ից սերբական անձը հաստատող փաստաթղթերով Կոսովո մուտք գործող անձինք երկրում գտնվելու ընթացքում պետք է դրանք փոխարինեն ժամանակավոր փաստաթղթով:
Բացի դրանից, ըստ նոր օրենքի՝ էթնիկ սերբերը, ովքեր ունեն Սերբիայի կողմից տրված տրանսպորտային միջոցների համարանիշեր, երկու ամսվա ընթացքում պետք է փոխեն դրանք Կոսովոյի համարանիշներով:
Կոսովոյի վարչապետ Ալբին Կուրտին պարզաբանում է այս օրենքները նրանով, որ դա փոխադարձ քայլ է, քանի որ Բելգրադի կառավարությունը պահանջում է նույնը Սերբիա մուտք գործող Կոսովոյի քաղաքացիներից:
ՆԱՏՕ-ի գլխավորած KFOR առաքելության խաղաղապահները հայտարարել են, որ Կոսովոյի հյուսիսում անվտանգության իրավիճակը լարված է և որ նրանք պատրաստ են միջամտել «եթե կայունությունը վտանգվի»:
Միացյալ Նահանգների դեսպան Ջեֆրի Հովենիերի հետ հանդիպումից հետո, Կոսովոյի կառավարությունը խոստացավ հետաձգել նոր ռեժիմի կիրառումը 30 օրով: Հայտարարության մեջ ասվում է, որ հետաձգվելու է երկու որոշումների կիրառումը մինչև սեպտեմբերի 1-ը՝ պայմանով, որ երկուշաբթի օրը «վերացվեն բոլոր բարիկադները և հաստատվի տեղաշարժի լիակատար ազատություն»:
Ռուսաստանն աջակցում է Սերբիային, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
«Մենք, իհարկե, ամբողջությամբ աջակցում ենք Սերբիային։ Մենք Կոսովոյի սերբերի կողքին ենք։ Մենք կարծում ենք, որ դրանք [Կոսովոյի իշխանությունների պահանջները] բացարձակապես անհիմն պահանջներ են», – ասել է Կրեմլի ներկայացուցիչը։
Սերբիայի Պաշտպանության նախարարությունը հերքել է Կոսովոյի տարածքում իր զորքերի տեղակայման մասին հաղորդագրությունները։ «Սերբիան չի հատել վարչական գիծը և չի մտել Կոսովոյի ու Մեթոխիայի տարածք»։
Սերբիայի իշխող կուսակցության բարձրաստիճան պաշտոնյա Վլադիմիր Ջուկանովիչը, իր հերթին, Twitter-ում գրել է,- «Ինձ թվում է, որ Սերբիան ստիպված կլինի սկսել Բալկանների դենացիֆիկացիան։ Ես կուզեի սխալվել»։
Կոսովոյի ոստիկանությունը հայտարարել է, որ չի նախատեսում որևէ գործողություն իրականացնել երկրի հյուսիսում։ «Սուտ տեղեկություններ են շրջանառվել, որ քաղաքապետարանը շրջափակելու են հատուկ ջոկատայինները, դա չի համապատասխանում իրականությանը»։
Ժամանակին Սերբիան ընդհանրապես ներս չէր թողնում Կոսովոյի համարանիշներով մեքենաներին, իսկ 2011 թվականին թույլատրեց՝ հատուկ տուրքի վճարման պայմանով։ Արդյունքում, այն վարորդները, ովքեր հաճախ էին մեկնում Սերբիա, նախընտրեցին օգտվել սերբական համարներից։
Տարածաշրջանում վերջին խոշոր լարվածությունը 2021թ․-ի սեպտեմբերին էր՝ տրանսպորտային միջոցների համարանիշների հետ կապված նույն օրենքի պատճառով։ Հարյուրավոր սերբեր ամեն օր բողոքի ցույցեր էին անում և արգելափակում երթևեկությունը երկու սահմանային անցակետերում: