Վերջին 2 շաբաթվա ընթացքում երկու պայմանագրային զինծառայող հանկարծամահ է եղել, ևս մեկը՝ մահացել «կտրուկ վատթարացած» առողջական վիճակի պատճառով։
Ըստ Պաշտպանության նախարարության`
Օգոստոսի 14-ին կտրուկ վատթարացել է ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Մանվել Մյասնիկի Թադևոսյանի (ծնվ. 1981թ.) ինքնազգացողությունը․ «Չնայած անմիջապես ցուցաբերված բժշկական օգնությանը, զինծառայողի կյանքը փրկել չի հաջողվել»:
Օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ):
Օգոստոսի 3-ի լույս 4-ի գիշերը քնած ժամանակ հանկարծամահ է եղել ՀՀ ՊՆ N զորամասի 3-ամսյա վարժական հավաքի մասնակից, պահեստազորային շարքային Ատոմ Ռազմիկի Հարությունյանը (ծնվ. 1978թ.)։
«Սա խոսում է այն մասին, որ զորակոչի փուլից սկսած զինծառայողները չեն անցնում պատշաճ, համալիր բժշկական զննություն։ Չեն անցնում նաև վարժական հավաքների, պայմանագրային ծառայության և զորահավաքի կանչվելու ընթացքում։ Ծանրաբեռնվածության պայմաններում, երբ մարդիկ արդեն զինվորական ծառայության մեջ են ընդգրկվում, առողջական վիճակը կարող է էլ ավելի վատթարանալ», – Epress.am-ի հետ զրույցում ասում է իրավապաշտպան Արմինե Սադիկյանը։
Առողջական խնդիրների հետ կապված զինվորական մահերը Գլխավոր դատախազությունը դասակարգում է որպես «ծառայության հետ չկապված դեպքեր»։
Իրավապաշտպանը համաձայն չէ այս որակման հետ։
«Երբ անձը զորակոչվում է, նա գտնվում է պետության հատուկ հոգածության ներքո։ Կան պլանային և ըստ կարիքի, ըստ անհրաժեշտության բուժհետազոտություններ։ Եթե ժամանակին անձը ենթարկվի նորմալ բժշկական զննության, հնարավոր է կանխել առողջության պատճառով մահվան դեպքերը։
Մահվան բոլոր դեպքերն էլ կապված են զինվորական ծառայության հետ, որովհետև տեղի են ունենում փակ ռեժիմում, պետության հոգածության ներքո գտնվող ժամանակահատվածում», – նշում է Սադիկյանը։
Քննչական կոմիտեն գրեթե երբեք չի հաղորդում զոհված զինծառայողների դատաբժշկական փորձաքննության արդյունքները։ Հարուցված քրեական գործերի ընթացքի մասին լրացուցիչ ու նոր տեղեկություններ հազվադեպ են հրապարակվում։ Ըստ իրավապաշտպանի՝ պաշտոնական տեղեկություններ չեն հանրայնացվում այնքան ժամանակ, մինչև լրատվամիջոցները կամ հասարակական կազմակերպությունները անձամբ, չհետաքրքրվեն։
«Նաև քննությունն է շատ երկար տևում։ Կան դեպքեր, երբ մենք ուսումնասիրում ենք 2010 թվականի գործեր, որոնք կարճվում են կամ դեռևս դատական գործընթացներում են»։
Զինվորական մահերի իրական պատճառները, իրական մեղավորները հաճախ չեն էլ բացահայտվում։
«Եթե չկա, իսկ հիմնականում չկա՛, արդյունավետ, լրիվ, բազմակողմանի, օբյեկտիվ հետաքննություն՝ գործի քննություն, ես չեմ կարող եզրահանգման գալ, թե մահվան իսկական պատճառը որն է։ Բազմաթիվ տարիների բազմաթիվ գործերով մենք տեսնում ենք, որ թե՛ սպանությունների, թե՛ ինքնասպանություն որակված դեպքերով և թե՛ առողջական վիճակի դեպքերով չեն բացահայտվում մեղավորները, չեն ենթարկվում պատասխանատվության»։
Առողջական պատճառներով 7 մահվան դեպք
Ըստ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի (ՀՔԱՎ)՝ Հայաստանի և Արցախի զինված ուժերում 2022թ․-ի առաջին կիսամյակում գրանցվել է 30 զինծառայողի մահվան դեպք, որից 21-ը՝ ոչ մարտական պայմաններում.
9-ը՝ հրադադարի ռեժիմի խախտում,
7-ը՝ ավտովթար,
7-ը՝ առողջական խնդիրներ,
4-ը՝ ինքնասպանություն կամ ինքնասպանության հասցնել,
2-ը՝ սպանություն,
1-ը՝ դժբախտ պատահար:
30 զինծառայողները մահացել են 26 միջադեպի արդյունքում, որոնցից 13-ով (17 զինծառայողի մահվան փաստով) հարուցվել են քրեական գործեր։