2021 թվականի օգոսոտսի 19-ի գիշերը Կոռնիձորի դիրքում սպանվեցին զինծառայողներ՝ 19-ամյա Մուրադ Մուրադյանը, Լևոն Հարությունյանը և Գոռ Սահակյանը: Օրեր անց հաղորդվեց նրանց երկու համածառայակիցների կալանավորման մասին։
Հուլիսի 22-ին, դեպքից մոտ 11 ամիս անց, Քննչական կոմիտեն հրապարակեց սպանության պաշտոնական վարկածը։ Ավելի ուշ այն հեռացվեց Կոմիտեի կայքէջից։ Պարզաբանումներ չեղան։
Մեղադրյալների փաստաբանները պնդում են, որ Քննչականի հրապարակած (և ջնջած) սկանդալային «եզրակացությունը» արժանահավատ չէ․ սեքսուալ բռնության մասով մեղադրանքը իրավապահները հերքել են, բայցև շարունակում են արծարծել, քրեական գործը հիմնվում է բացառապես մեղադրյալներից մեկի ինքնախոստովանական ցուցմունքների վրա, որոնցից նա հետագայում հրաժարվել է, այլ ապացույցներ չեն հայտնաբերվել, առանցքային նշանակություն ունեցող հանգամանքներն ուղղակի անտեսվել են․․․
Պաշտոնական վարկածը (ջնջվել է)
Քննչական կոմիտեի կայքում հուլիսի 22-ին հրապարակված մեղադրական եզրակացության համաձայն, դիրքի ավագը սեռական բռնության է ենթարկել ժամկետային զինծառայողին, որը նրան գումար էր պարտք։ Սա պատահաբար տեսել է նրանց ծառայակիցներից մեկը, ով տեղի ունեցածի մասին պատմել է իր երկու համածառայակիցներին։ Դիրքի ավագը սպառնացել է զինծառայողին՝ եթե չսպանի նշված երեք համածառայակիցներին, նրա ծնողները կիմանան իրենց միջև տեղի ունեցածի մասին։
Զինծառայողն էլ, ըստ իրավապահների վարկածի, վախից դրդված սպանել է. արթուն հերթափոխի ժամանակ նա մտել է դիրքի կացարան և ծառայակիցներից մեկին ամրակցված ԱԿ-74-ից «կրակոցներ արձակել քնած վիճակում գտնվող համածառայակիցների ուղղությամբ»։
Գործով մեղադրյալները երկուսն են՝ ժամկետային զինծառայողը, որն, ըստ քննիչների, երեք հոգու է սպանել, և դիրքի ավագը, որը, համաձայն այս վարկածի, նրա նկատմամբ սեռական բնույթի բռնի գործողություններ է կատարել և դրդել սպանության։
Փաստաբանները հակադարձում են․
1․ Սեռական բռնության մասով մեղադրանքը դիրքի ավագի վրայից մոտ մեկ ամիս առաջ հանվել է։ Նման մեղադրանք այլևս չկա։ Ինչպես և ինչու է այն «հայտնվել» ՔԿ-ի հրապարակած հաղորդագրությունում՝ պարզ չէ։
2․ Եթե պաշտոնական վարկածից հանում ես սեռական բնույթի բռնի գործողությունների հանգամանքը, այն ամբողջությամբ փլվում է։ Այդ հանգամանքն արդեն իսկ հանված է։
3․ Պաշտոնական վարկածը (թե՛ գումարային խնդիրների, թե՛ սեռական բռնության և սպանության մասով) հիմնվում է բացառապես մեկ անձի՝ սպանության մեջ մեղադրվող զինծառայողի ինքնախոստովանական ցուցմունքների վրա, որոնցից նա հետագայում հրաժարվել է։
4․ Ինքնախոստովանական ցուցմունքներ տված մեղադրյալը պնդել է, որ ճնշումների է ենթարկվել․ սա քննության առարկա չի դարձել։
5․ Մարտական դիրքում, որտեղ տեղի է ունեցել սպանությունը, պետք է 7 զինծառայող հերթապահեր։ Երեքը սպանվել են, մեկը մեղադրյալի աթոռին է։ Մյուս երեք զինծառայողները (այդ թվում՝ դիրքի ավագը), ըստ նյութերի, սպանության ժամանակ դիրքում չեն եղել․․․
6․ Սպանված զինվորներից Մուրադ Մուրադյանի ծնողների ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանն ավելի վաղ հայտնել է, որ սպանվածների վրա եղել են նաև ոչ հրազենային վնասվածքներ (մեկ զինծառայող չէր կարող երեք հոգու նման վնասվածքներ հասցնել)։ Իրավապահները պնդում են, թե զինծառայողները սպանվել են քնած ժամանակ, բայց դիրքի կացարանում անգամ արյան լճակներ չեն եղել։ Դիրքում եղած բոլոր զենքերը կրակված էին։
7․ Այս հանգամանքներից և ոչ մեկը պատշաճ քննության չի ենթարկվել։
Համածառայակիցների սպանության մեջ մեղադրվող Ա-ի պաշտպանը՝ Գագիկ Գալիկյանը, Epress.am-ի հետ զրույցում պատմել է, որ օգոստոսի 19-ի գիշերը նա արթուն հերթափոխի է եղել։ Դեպքից հետո նրան տարել են հարցաքննության՝ որպես վկա, անմիջապես կասկածյալի են վերածել, հետո մեղադրյալի կարգավիճակ տվել։ Նախաքննության ընթացքում Ա-ն մի քանի անգամ ինքնախոստովանական ցուցմունքներ է տվել, որոնցից մոտ տասը ամիս հետո հրաժարվել է։
«Նյութերում, որոնք ներկայացվում էին նախաքննության փուլում, ինձ համար շատ անհասկանալի դրվագներ կային։ Միայն իրա ինքնախոստովանական ցուցմունքն էր․․․Ես իրան հարց էի տալիս՝ դո՞ւ ես արել, թե՞ չէ։ Ասում էր՝ ես չեմ արել»։
Ո՞րն է պատճառը, որ զինծառայողն իր վրա է վերցրել մի այնպիսի հոդված, որն ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում է նախատեսում։ Փաստաբանը պատասխանում է․ «Նա ասում է՝ ինձ ասացին՝ մեկ ա դու դատվելու ես, արթուն հերթափոխ ես եղել, ավելի լավ է մեղքը ընդունես, որպեսզի քեզ համար մեղմ լինի»։
Այլ մանրամասներ պաշտպանը չի նշում։ Հարցին՝ արդյո՞ք մեղադրյալը որևէ տեսակի խոշտանգումների կամ շանտաժի է ենթարկվել, տալիս է խուսափողական պատասխան․ «Չեմ կարող այդ մասին բարձրաձայնել, որովհետև ինչքան էլ ինքը չասի՝ ես դրա վերաբերյալ կոնկրետ ապացույցներ չունեմ․․․»։
Երբ զինծառայողը հրաժարվել է ինքնախոստովանական ցուցմունքներից, նա «որոշակի հանգամանքներ է ներկայացրել»։ Թե ինչ հանգամանքներ՝ Գալիկյանը չի ասում «հաշվի առնելով, որ սա զինվորական բնույթի գործ է»։
«Կան շատ մանրամասնություններ, որոնք պարզման ենթակա են։ Բայց ես դրանք չեմ կարող բարձրաձայնել՝ կապված դիրքի հետ, դիրքում տեղի ունեցածի հետ թե՛ մինչև դեպքը, թե՛ դեպքից հետո․․․», – նշում է պաշտպանը։
Համացանցում տեղեկություններ են շրջանառվում, որ դեպքից կարճ ժամանակ առաջ Կոռնիձորի դիրքում կերուխում է եղել, վիճաբանություն է տեղի ունեցել զինծառայողների և զորամասի հարակից բնակավայրերից եկած անհայտ անձանց միջև, բանը հասել է սպանության սպառնալիքների․․․
Փաստաբանը դրանք ո՛չ հերքում է, ո՛չ էլ ուղղակիորեն հաստատում․ «Ես ասացի՝ շատ հանգամանքներ կան, որոնց ես պարզապես չեմ անդրադառնա», «կան բաներ, որոնց մասին ես ճիշտ չեմ համարում խոսել», «հավատացեք՝ այդ գործի շրջանակներում ես գիտեմ շատ բան, որ ինձ համար նույնպես անհասկանալի է և անտրամաբանական», «եթե ձեր ասած վարկածը նայենք, ի՞նչ իրավունք ունի քաղաքացիական անձը գնա դիրքում կերուխում անի»․․․
Սպանված զինծառայողներից Մուրադ Մուրադյանի իրավահաջորդների ներկայացուցիչ Հայարփի Սարգսյանն ավելի վաղ խոսել էր դիակների վրա հայտնաբերված բռնության հետքերի մասին (ըստ նրա, մեկ զինծառայող չէր կարող երեք հոգու նման վնասվածքներ հասցնել) և չէր բացառել, որ սպանությունը կարող էր ոչ թե դիրքի կացարանում տեղի ունենալ, այլ որևէ այլ տեղ (դեպքի վայրում անգամ արյան լճակներ չեն եղել)․․․ Մեղադրյալի պաշտպան Գագիկ Գալիկյանն այս հանգամանքներին չի անդրադառնում, հստակ վարկածներ կամ մեղադրանքներ հնչեցնելուց նա առհասարակ խուսափում է՝ հուսալով, որ դատարանում դրանք դեռևս կքննարկվեն և, եթե լավ դատավոր լինի, կպարզաբանվեն։
Ա-ն շուրջ 7 ամիս փաստաբան չի ունեցել․ գործով զբաղվել է հանրային պաշտպանը։ Գալիկյանը մոտ 4 ամիս առաջ է ներգրավվել։ Ասում է՝ հարազատներն են իրեն դիմել։ Կոնկրետ ովքեր՝ չի նշում։ Ծնողները, ըստ նրա, «գյուղի հասարակ ժողովուրդ են»․․․
«Քննչականը գործը ուղղակի կոծկում է»՝ Epress.am-ին ասում է Ս-ի պաշտպան Հրանտ Դավթյանը։ Ս-ն դիրքի ավագն է․ նա մեղադրվում էր սեքսուալ բնույթի բնույթի բռնի գործողությունների (139 հոդված) և սպանության դրդելու մեջ, մոտավորապես մեկ ամիս առաջ մեղադրանքի ծավալը փոփոխվել է, 139 հոդվածը նրա վրայից հանվել է։
«[Մեղադրանքը հանելու] որոշման մեջ վարույթն իրականացնող մարմինը նշել է՝ քանի որ սեռական բնույթի հարկադիր գործողության հատվածը հիմնված է եղել միայն մյուս մեղադրյալի ցուցմունքների վրա, այլ ապացույցներ [դատաբժշկական փորձաքննության, վկաների հարցաքննության ընթացքում] ձեռք չեն բերվել, ուստի՝ [մեղադրանքը] չի հիմնավորվել», – նշում է Դավթյանը։
Նրա խոսքերը հաստատում է նաև Գագիկ Գալիկյանը՝ 139-րդ հովածով մեղադրանքը ապացույցների բացակայության հիմքով հանվել է։
Հարցին՝ արդյո՞ք իր պաշտպանյալը հրաժարվել է նաև ա՛յս ցուցմունքներից, թե՞ շարունակում է պնդել, որ սեռական բռնության է ենթարկվել, Գալիկյանը պատասխանում է․ «Այդ մասին խոսակցություն չի գնացել, որովհետև, ինչպես նշեցի, այդ մեղադրանքը հանվել է։ Եվ ես ինքս չեմ ուզում դրա մասին խոսել»։
Հրանտ Դավթյանի խոսքերն է՛լ ավելի շփոթեցնող են․
«Ի սկզբանե ինքը ցուցմունք է տվել որպես կասկածյալ՝ մի բան է ասել։ Հետո որպես մեղադրյալ արդեն մեկ այլ բան է պատմել։ Մեղադրանքից հետո լրացուցիչ ցուցմունք է տվել՝ մի քիչ ավելացրել է։ Հետո մի անգամ էլ է լրացուցիչ հարցաքննվել՝ էլի է ավելացրել։
Մի դրվագ պատմեմ։ Փորձաքննությունների եզրակացություններով հայտնի դարձավ, որ սեռական բնույթի ոչ մի գործողություններ չեն եղել։ Փորձագետը դրանք հերքեց։ Նույն մեղադրյալը ցուցմունք էր տվել, որ այդ գործողությունների ժամանակ իրեն տեսանկարահանել են։ Այդ նկարներն էլ չհայտնաբերվեցին դատատեխնիկական փորձաքննությամբ։ Երբ որ պարզ էր, որ ոչ էն կա, ոչ սա կա, մենք միջնորդեցինք, թե՝ բերեք առերեսեք երկու մեղադրյալներին․․․ Այդ առերեսման օրը մեղադրյալին 20 րոպե պահեցին քննիչի սենյակում, ես կողքի սենյակից մտա, հարցրեցի՝ հը՞ն, անո՞ւմ ենք առերեսում, թե՞ չենք անում։ Մեղադրյալի փոխարեն քննիչը պատասխանեց, թե՝ վատ է զգում իրեն, չի կարող առերեսվել։
Հետո նյութերից պարզ դարձավ, որ հենց նույն օրը մի ժամ հետո մեղադրյալը լրացուցիչ ցուցմունքներ է տալիս, ավելի է ծաղկացնում նույն ցուցմունքները, ասում է՝ որ նկարը չեք հայտնաբերել, դա դեռ ոչինչ չի նշանակում, ինքը ինձ սպառնում էր, որ կզանգի ծնողներիս կասի․․․
Հետո նորից լրացուցիչ ցուցմունք է տալիս։ Չեմ հիշում՝ հոկտեմբերի 25-ին էր, թե նոյեմբերի 25-ին։ Նույն այն օրը, երբ որ մենք իմացանք, որ մեկուսարանում իր խցակիցների ներկայությամբ ինքը ասում է․ «Սպանությունը ես չեմ կատարել, ինձ համոզել են, որ ես գրեմ, հենց ՌՈ-ի աշխատակիցը, քննիչն [են համոզել]»… Տեսագրություններ կան, [ոնց է ինքը դա ասում]:
Ես զանգում եմ [հանրային] պաշտպանին, ասում եմ՝ լսե՞լ ես, սենց բան է ասել քո պաշտպանյալը։ Ասում է՝ չի կարող պատահի։ Ասում եմ՝ ասել է ու ինչ-որ տեսաձայնագրություններ էլ կան։ Ասում է՝ ինքը չէր կարող էդ օրը էդ ժամին տենց բան ասել, որովհետև մենք ժամը 3-ից մինչև 7-ը քննիչի աշխատասենյակում ենք եղել։ Սա ինձ պաշտպանն է ասում։ Հետո նյութերից պարզվում է, որ այդ օրը ընդամենը 15 րոպեանոց ցուցմունք են վերցրել․․․
Մի այլ անգամ էլ կանչել են լրացուցիչ հարցաքննության՝ 3-4 ամիս հետո։ Մեղադրյալը ասել է, թե՝ այդ սպանված տղաներն էլ են փորձել իմ նկատմամբ ոտնձգություններ անել։ Ասել է՝ այդ սպանված տղաներից մեկը առանձին նորից ուզեցել է նման բան անի, բայց ես դիմադրել եմ և այլն, և դա տեղի չի ունեցել։ Հարց է ծագում՝ եթե դու ի սկզբանե այդ դրվագը չէիր հիշում, բազմաթիվ անգամ հարցաքննվել ես՝ չես հիշել, հիմա հիշեցիր, տրամաբանորեն դու պետք է դիմում գրես քննիչին, որ ուզում ես լրացուցիչ տեղեկություններ հայտնել․․․ Բայց քննիչը հո գուշա՞կ չէ, որ քեզ բերի հարցաքննելու ու նման ցուցմունքներ ստանա․․․
Այս քայլերից ես եզրահանգում եմ, որ այս տղայի վրա ճնշումներ են եղել, նա ճիշտը չի պատմել, պատմել է այն, ինչը որ ձեռք է տվել վարույթն իրականացնող մարմնին», – Epress.am-ին ասում է դիրքի ավագի փաստաբանը։
Սպանությունները տեղի են ունեցել 2021 թվականի օգոստոսի 19-ին։ Դավթյանի խոսքով, արդեն օգոստոսի 22-ին մեղադրյալը «ինքնախոստովանական» ցուցմունք է տվել։ Մյուս օրը՝ ցուցմունքները դեռ որևէ կերպ չստուգված, դրանք հանրայնացվել են, շեշտվել է նաև սեռական ոտնձգությունների հատվածը․․․ «Դեռ ոչինչ չպարզած՝ վարկաբեկել են մարդկանց։ Ինձ համար արդեն պարզ էր, որ քննությունը կողմնակալ է գնալու»։
«Դուք պատկերացնո՞ւմ եք՝ դիրքում 7 հոգի կա, սեռական բնույթի գործողություն լինի, 7-ից 5-ը իմանան, էն 2-ը, որ ողջ են, չիմանան․․․ Դա բացառված բան է։ Տենց բան լիներ, զորամասում լույսի արագությամբ այդ մասին սաղ կիմանային՝ լիներ դա ուժի գործադրմամբ, թե փոխադարձ համաձայնությամբ․․․
Եվ հիմա, երբ որ այդ բռնի գործողությունները չեն հիմնավորվել, այդ մեղադրանքը հանված է, նրանք նորից նման հրապարակում են անում, իբր թե այդ հոդվածներով է գնացել մեղադրականը․․․ Ես իրենց էլ գրեցի, որ հանեն, ասեցի՝ դուք մարդկա՛նց եք վարկաբեկում։ Հանեցին, հեռացրեցին իրենց էջից», – նշում է փաստաբանը։
Քննչական կոմիտեից մեր հարցերին պատասխանել հրաժարվեցին, առաջարկեցին գրավոր հարցում ուղարկել և սպասել։