Սյունիքում երեք զինծառայողների սպանության գործով ձերբակալվել է նաև դիրքի ավագը, հաղորդում է Քննչական կոմիտեն։
Նա կասկածվում է «ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու և ծառայակցի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու» մեջ:
Ավելի վաղ ձերբակալվել էր նաև երեք երիտասարդների ծառայակից Ա․Հ․-ն։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանութունը)։ Ա․Հ․-ի նկատմամբ խափանման միջոց ընտրվել կալանավորումը։
Հիշեցնենք՝ օգոստոսի 19-ի առավոտյան ՊՆ-ն հաղորդել էր, որ նույն օրը ժամը 02։15-ի սահմաններում, Հայաստանի հարավարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասի մարտական հենակետում հայտնաբերվել են շարքայիններ Մուրադ Մուրադյանի, Լևոն Հարությունյանի, և Գոռ Սահակյանի դիերը՝ հրազենային վիրավորումներով։ Երեք զինվորներն էլ ծնվել էին 2002 թվականին։
Տարեսկզբից մինչև այժմ բանակում 44 զինծառայող է մահացել. նրանցից 35-ը՝ ոչ մարտական պայմաններում․ դեպքերի մի մասը որակվել է որպես ինքնասպանություն, որոշ դեպքերում քննչական մարմինները դիտարկում են սպանության, դժբախտ պատահարի վարկածը․․․:
Ուղղում — Նյութի նախնական տարբերակում վրիպակ է եղել․ ոչ մարտական մահերի ոչ թե «մեծ մասն» է որակվել ինքնասպանություն, այլ՝ «մի մասը»։