Մայիսի 24-ին, ժամը 17:40-ի սահմաններում, ըստ նախնական տվյալների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել N զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանը (ծնված 2002թ., 2021/1 զորակոչ, ՊՆ ԶԶՀԾ Շիրակի ՏՍ): Այս մասին հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
Կատարվում է քննություն
Հիշեցնենք՝ սա պատերազմից հետո բանակում ոչ մարտական մահերի առնվազն 5-րդ դեպքն է։ Ապրիլի 20-ին ՊՆ-ն հաղորդել էր, որ Հայաստանի զորամասերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին՝ ծառից կախված վիճակում: Մայիսի 5-ին հաղորդում էր ստացվել, որ նախորդ օրը ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը։ Մայիսի 14-ին ՊՆ-ն հայտնել էր, որ նախորդ օրը ժամկետային զինծառայող, շարքային Ռ.Բ.-ն մայիսի 13-ին ինքնակամ թողել է զորամասի տարածքը և վերադարձել է տուն: Մայիսի 14-ին ընտանիքի անդամները Ռ.Բ.-ին հայտնաբերել են իրենց ավտոտնակում՝ պարանոցից կախված վիճակում: Մայիսի 21-ին էլ ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը մահացել է ավտովթարից։