Զինծառայող Մկրտիչ Հովհաննիսյանի մահվան դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ, տեղեկացնում է Քննչական կոմիտեն։
Գործը հարուցվել է Քրեական օրենսգրքի 360.1-րդ հոդվածի 1-ին մասով՝ Զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը։
Կատարվում է նախաքննություն:
Երեկ Պաշտպանության նախարարությունից հայտնել էին, որ, ըստ նախնական տվյալների, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացու հրազենային վիրավորում է ստացել ժամկետային զինծառայող, շարքային Մկրտիչ Հովհաննիսյանը։
ՔԿ-ն մանրամասնել է՝ «մայիսի 24-ին՝ ժամը 17:45-ի սահմաններում, Պաշտպանության նախարարության N զորամասի շարահրապարակում, պարտադիր ժամկետային զինծառայող Մկրտիչ Հովհաննեսի Հովհաննիսյանն իրեն ամրակցված ԱԿՄ տեսակի ինքնաձիգից կրակոց է արձակել իր գլխի շրջանում, որի հետևանքով ստացել է մահացու հրազենային վնասվածք»։
Հիշեցնենք՝ սա պատերազմից հետո բանակում ոչ մարտական մահերի առնվազն 5-րդ դեպքն է, որոնցից 3-ը քննվում է ինքնասպանության վարկածով։
Ապրիլի 20-ին ՊՆ-ն հաղորդել էր, որ Հայաստանի զորամասերից մեկում հայտնաբերվել է ժամկետային զինծառայող, շարքային Նարեկ Սևակի Խաչատրյանի դին՝ ծառից կախված վիճակում: Մայիսի 5-ին հաղորդում էր ստացվել, որ նախորդ օրը ծառայակցի կողմից զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով արձակված կրակոցից մահացել է ժամկետային զինծառայող, շարքային Արտյոմ Հովիկի Մելքոնյանը։ Մայիսի 14-ին ՊՆ-ն հայտնել էր, որ նախորդ օրը ժամկետային զինծառայող, շարքային Ռ.Բ.-ն մայիսի 13-ին ինքնակամ թողել է զորամասի տարածքը և վերադարձել է տուն: Մայիսի 14-ին ընտանիքի անդամները նրան հայտնաբերել են իրենց ավտոտնակում՝ պարանոցից կախված վիճակում: Մայիսի 21-ին էլ ռազմական գերատեսչությունը հաղորդել էր, որ ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը մահացել է ավտովթարից։