Բանակում ավտովթարից զինծառայող է մահացել, հաղորդում է Պաշտպանության նախարարությունը։
«Մայիսի 20-ին, ժամը 19:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի զրահափոխադրիչը, մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 100 մետր գլորվել ձորը, հաղորդում: Վթարի հետևանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է զրահափոխադրիչի մեխանիկ-վարորդ, ժամկետային զինծառայող Արման Վահրամի Համբարյանը (2020թ. 1-ին զորակոչ, ԶԶՀԾ Երևանի թիվ 1 ՏՍ)», – ասված է ՊՆ հաղորդագրության մեջ։
[լրացում] — ՔԿ-ից տեղեկացնում են , որ 2021 թ. մայիսի 20-ին` ժամը 19:00-ի սահմաններում, ՊՆ N զորամասի ՄՏԼԲ տեսակի զինտեխնիկան մշտական տեղակայման վայրից կիրառման շրջաններ ընթանալիս,
Սիսիան-Մուծք ճանապարհի 15կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհից և մոտ 100 մետր գլորվել ձորը, ինչի հետևանքով տեխնիկայի մեխանիկ-վարորդ, պարտադիր զինծառայող Արման Համբարյանը մահացել է, իսկ տեխնիկայում գտնվող 3 պարտադիր զինծառայողները և զորամասի զրահատանկային ծառայության պետը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են զինվորական հոսպիտալ։
«Դեպքի առթիվ Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ` Քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասի (մեքենաներ վարելու կամ շահագործելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ) հատկանիշներով:
Կատարվում է նախաքննություն:
44-օրյա պատերազմից հետո սա բանակում զինծառայողների ոչ մարտական մահվան առաջին դեպքը չէ։ Ավելի վաղ Հայաստանի ռազմական գերատեսչությունը ապրիլ և մայիս ամիսներին հաղորդել էր 2 զինծառայողների մահվան մասին, որոնցից մեկին կախված էին գտել զորամասի հարակից տարածքում, մյուսին՝ իր տան ավտոտնակում։