Էդվարդ Ասրյանը նախագահի հրամանագրով նշանակվել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ։ Ասրյանը մինչ այս զբաղեցնում էր ԶՈՒ ԳՇ պետի տեղակալի պաշտոնը։
Հիշեցնենք, որ հունիսի 9-ին փոփոխված օրենքով՝ ԳՇ պետը ենթարկվելու է պաշտպանության նախարարին և «չի հանդիսանալու նախարարին փոխարինող անձ»։ Գլխավոր շտաբը գնումների գործընթացով չի զբաղվելու։ Հայաստանի Սահմանադրությամբ Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնյան գլխավոր շտաբի պետն է։ Այնուամենայնիվ, մինչ օրս Հայաստանը չուներ գլխավոր շտաբի պետ։
ԶՈՒ ԳՇ վերջին պետը Արտակ Դավթյանն էր, ով փետրվարի 24-ին ազատվել էր պաշտոնից։ Դավթյանը քննվում է «Հին հրթիռների» քրեական գործով և մեղադրվում պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։ Այս գործով են անցնում նաև ՊՆ նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, ով կալանավորվել է անցյալ տարվա սեպտեմբերի 30-ին և հրթիռները ՊՆ-ին մատակարարած ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը, ով այժմ ևս կալանավորված է։
Մեկ տարի առաջ էլ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանն էր պաշտոնանկ էր արվել, երբ նա և ևս 40 բարձրաստիճան զինվորականներ հայտարարությամբ պահանջել էին վարչապետի և կառավարության հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը սա զինված հեղաշրջման փորձ էր որակել։
update. — Նորանշանակ ԳՇ պետը՝ գեներալ-մայոր Էդվարդ Ասրյանը ( այն ժամանակ զբաղեցնում էր ԶՈՒ ԳՇ օպերատիվ գլխավոր վարչության Օպերատիվ վարչության պետի պաշտոնը) վերոհիշյալ հայտարարությանը միացած բարձրաստիճան սպաներից մեկն էր։