Աշխարհում COVID-19 հոսպիտալացումները և մահերը սկսել են անթույլատրելի ցուցանիշների հասնել, ահազանգում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Գեբրեյեսուսը։ Այս առնչությամբ Գեբրեյեսուսն առաջարկում է վերադարձնել նախկինում արդեն փորձված միջոցները․ դիմակ կրելը, բարելավված օդափոխությունը, թեստավորման և բուժման արձանագրությունների պահպանումը։
Հիվանդացության նոր աճը կապում են Օմիկրոն շտամի ենթատեսակների հետ։ Վերջիններիս թվում է BA.2.75 ենթատեսակը (հատնաբերվել է մայիսին՝ Հնդկաստանում), որը կարող է արագորեն տարածվել և շրջանցել նախորդ վարակից կամ պատվաստումից ձևավորված իմունիտետը։ ԱՀԿ ղեկավարը մտավահոգություն է արտահայտել, որ կորոնավիրուսային սահմանափակումները հանած և վերահսկումը թուլացրած երկրներում դժվար է վերահսկել պոտենցիալ վտանգ ներկայացնող COVID շտամերը։
Ըստ ԱՀԿ զեկույցի, աշխարհում կորոնավիրուսային դեպքերի թիվն անցյալ շաբաթ աճել է 18%-ով՝ կազմելով ավելի քան 4,1 միլիոն զեկուցված դեպք․ ամենամեծ աճը դիտվել է կենտրոնական արևելքում՝ 47%, Եվրոպայում և հարավարևելյան Ասիայում՝ 32%, Ամերիկայում՝ 14%: Նույն շաբաթվա ընթացքում գրանցվել է COVID մահվան 10249 դեպք (մահվան դեպքերի առավելագույն քանակը գրանցվել է ԱՄՆ-ում): Վերջին 24 ժամվա ընթացքում ԱՀԿ-ն գրանցել է մահերի 1321 դեպք։
Հայաստանում անցած շաբաթվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, որը ավելի քան կրկնակի անգամ գերազանցում է դրան նախորդող շաբաթվա արդյունքները՝ 174 դեպք։ Այնուամենայնիվ, երկու շաբաթվա ընթացքում էլ COVID մահվան դեպք չի գրանցվել։
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին դեղաչափը ստացել է 1․139․502 անձ, որոնցից 1․015․679-ը ստացել են երկրորդ դեղաչափ, իսկ 59․689-ը՝ նաև բուսթեր։ Հուլիսի 11-ին առողջապահության նախարարությունը զեկուցել է, որ պատվաստումների որակը բարելավելու նպատակով ԵՄ և ԱՀԿ կողմից սառցարան-մեքենա է նվիրաբերվել։ Վերջինս պետք է ապահովի պատվաստանյութերի սառը շղթայի համակարգը և պահպանի դրանց արդյունավետությունը և անվտանգությունը։