Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը օրեցօր ավելի արագ է տարածվում ողջ աշխարհում։ Ըստ GISAID-ի վերջին թարմացման՝ մինչև փետրվարի 3-ը հաստատվել է նոր շտամով վարակման ավելի քան 891 000 դեպք՝ 139 երկրներում։ Եթե հունվարի 4-ին քովիդով փաստացի բուժվողների թիվը կազմում էր շուրջ 34 միլիոն, ապա վերջին մեկ ամսում այն հատել է 74 միլիոնը։ Նոր շտամից չի կարողացել խուսափել նաև Հարավային Կովկասը, որտեղ քովիդի ալիքը տարածվում է նոր թափով։
Հայաստանն այսօր վարակման դեպքերի հակառեկորդ է սահմանել։ Վերջին մեկ օրվա ընթացքում երկրում քովիդով վարակվել է 4388 մարդ, առողջացել՝ 2359-ը։ Գրանցվել է 8 մահ, որից 5-ը՝ կորոնավիրուսից, 3-ը, ըստ ԱՆ-ի, «այլ պատճառներով»։ Փաստացի բուժվում է 25944 մարդ։ Համավարակից ի վեր Հայաստանում քովիդից 8065 մարդ է մահացել, վարակակիրներից ևս 1543-ը, ըստ ԱՆ-ի, մահացել են «այլ պատճառներով»:
Վարչապետ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստին հայտնել է , որ առնվազն գալիք մեկ շաբաթվա ընթացքում, ըստ կանխատեսումների, քովիդի թվերը դեռ կաճեն։ Տվյալ պահին հոսպիտալացված է 1543 հոգի, որոնցից պատվաստված է 256-ը (16.6%)։ Սա, ըստ պաշտոնյայի, խոսում է պատվաստումային գործընթացի էական ազդեցության մասին։ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն էլ հայտնել է, որ հոսպիտալացվածների շրջանում Օմիկրոնն ունի մինչև 80% տարածում՝ հավելելով, որ քովիդի օրական դեպքերի 4%-ն ունենում է հոսպիտալացման կարիք։
Նախարարը հիշեցրել է նաև, որ «Օմիկրոնի» պարագայում ախտանշաններն ավելի նման են հարբուխի ախտանշաններին՝ հազ, փռշտոց, նաև ջերմաստիճանի որոշակի բարձրացում:
«Նման ախտանշաններ ունենալիս, միանշանակ, արժի նաև թեստավորվել՝ հասկանալու համար, թե «Օմիկրոնո՞վ» է վարակված քաղաքացին, թե՞ ոչ: Իհարկե մենք նկատում ենք ծանրության որոշակի թերթևացում հիվանդացածների շրջանում, եթե նույն այս թվերը մենք ունենայինք «Դելտա» շտամի պարագայում, իսկապես համակարգի հոսպիտալացման աստիճանը և ծանրաբեռնվածությունն անհամեմատ ավելի մեծ կլինեին»,-ասել է Ավանեսյանը:
Այս թեմայով՝ Օմիկրոն․ նոր, թեթև, լայնածավալ, բայց խուսափելի և բուժելի
Ըստ նախարարի՝ հիվանդացության միջին տարիքը հասել է 47 տարեկանի, այսինքն՝ առկա է տարիքի նվազում: «Օմիկրոնով» մինչև 18 տարեկան երեխաներն էլ են հաճախ հիվանդանում: Այս պատճառով՝ հիվանդանոցների մանկական բաժանմունքներն ու մանկական բժշկական կենտրոնները ծանրաբեռնված են, աշխատում են լարված ռեժիմով։
Ինչ վերաբերում է պատվաստումային գործընթացին՝ այս պահին առաջին դեղաչափը ստացել է 18 տարին լրացած մարդկանց 46․3%-ը, իսկ ամբողջական դեղաչափը՝ 37 %-ը։ Ավանեսյանը նշեց նաև, որ այս հարցում կան որոշակի հետաձգումներ։ Պատճառն այն է, որ այս պահին քովիդով վարակված, բայց չպատվաստված մարդկանց թիվը բավականին մեծ է, և նրանք պատվաստվելու համար պետք է սպասեն 3 ամիս՝ սկսած հիվանդանալու պահից։
Վրաստանը ևս հետ չի մնում հակառեկորդների հարցում։ Երեկ երկրում գրանցվել է քովիդով վարակման 26 000 դեպք, իսկ այսօր՝ 23 300։ Առողջացածների թիվը, փոխարենը, չի հասնում օրական 10 000-ի։ Երկրում այս պահին քովիդից բուժվում է 196,615 մարդ, իսկ վարակման դեպքերի ընդհանուր թիվը հատել է 1․2 միլիոնը։
Մահերը ևս քիչ չեն։ երեկ երկրում քովիդից մահացել է 44, այսօր՝ 42 մարդ։ Մահերի ընդհանուր թիվը երկրում հասել է 15,102-ի։
Ըստ Our World In Data-ի վերջին տվյալների՝ Վրաստանում ամբողջական (երկու դեղաչափ) պատվաստում է ստացել բնակչության 30․7%-ը, իսկ միայն առաջին դեղաչափ է ստացել 7․2%-ը։
Ադրբեջանում պատվաստումների գործընթացը փոքր ինչ ավելի արագ է ընթանում․ ըստ նույն աղբյուրի՝ ամբողջապես պատվաստված է բնակչության 46%-ը, իսկ միայն առաջին դեղաչափով՝ մոտ 5%-ը։
Այստեղ, սակայն, վարակման ցուցանիշը ևս (հակա)ռեկորդային են։ Այսօր Ադրբեջանում գրանցվել է քովիդի 6113 նոր դեպք, երեկ՝ 6620։
Մահերը ևս մեծաթիվ են․ երեկ մահացել է 24, այսօր՝ 18 մարդ։ Ընդհանուր առմամբ՝ երկրում քովիդից մահացել է 8797 մարդ, այս պահին բուժվում է 33 635-ը։
Վարակման դեպքերի այս ցուցանիշները համավարակից ի վեր ամենաբարձրն են տարածաշրջանի բոլոր երեք երկրներում։ Ըստ Worldometer-ի՝ 1 միլիոն մարդու հաշվով մահերի թվով Վրաստանը զբաղեցնում է աշխարհում 7-րդ, Հայաստանը՝ 19-րդ, Ադրբեջանը՝ 96-րդ տեղը։