Ամբողջական (երկու դեղաչափ) պատվաստված քաղաքացիները կորոնավիրուսով հիվանդանալուց կինքնամեկուսանան 7 օր (ՊՇՌ հետազոտության նմուշառման օրվանից հաշված), իսկ չպատվաստվածները՝ 10 օր։
Չպատվաստվածների ինքնամեկուսացումը կարող է 7 օր տևել միայն սեփական նախաձեռնությամբ հանձնված ՊՇՌ թեստի բացասական արդյունքի առկայության դեպքում։
Կառավարության որոշումն ընդունվել է հունվարի 31-ին՝ գրավոր ընթացակարգով։ Որոշումը տարածվում է նաև որոշման՝ ուժի մեջ մտնելու օրվա դրությամբ ինքնամեկուսացման մեջ գտնվող անձանց վրա:
Որոշմամբ թույլատրվել է նաև օդանավակայանում դիմավորողների մուտքը ժամանման սրահ՝ հակահամաճարակային կանոնների պահպանման դեպքում:
Ինքնամեկուսացման ժամկետների կրճատումը կառավարությունը հիմնավորել է եվրոպական մի շարք երկրների փորձով․ վկայակոչվում է Մեծ Բրիտանիայի օրինակը, որտեղ ինքնամեկուսացման ժամկետը 7 օր է, նաև՝ Ֆրանսիան և Շվեյցարիան, որտեղ պարտադիր ինքնամեկուսացումը 5 օր է: