Հայաստանում, սեպտեմբերի կեսերից սկսած, կորոնավիրուսային հիվանդությունից գրանցվող շաբաթական մահերն արտահայտվում են եռանիշ թվերով, իսկ հոկտեմբերի 10-ից հաստատվող վարակի նոր դեպքերը՝ հնգանիշ թվերով։
Ըստ Առողջապահության նախարարության, հոկտեմբերի վերջին շաբաթվա տվյալներով՝ մեկ միլիոն բնակչի հաշվով կորոնավիրուսից մահացության ցուցանիշով` 109 մահ, Հայաստանը զբաղեցնում է առաջին հորիզոնականը ասիական երկրների շարքում և չորրորդ հորիզոնականը՝ ողջ աշխարհում։
1 մլն․ բնակչի հաշվով, Հայաստանում քովիդային մահերը տասնյակ անգամներ գերազանցել են այն երկրների մահերի ցուցանիշները, որտեղ բնակչության մեծ մասն ամբողջությամբ պատվաստված է (հոկտեմբերի 26 – նոյեմբերի 1, 2021թ․ դրությամբ)։
Մահերի թիվը կրճատելու միակ տարբերակը զանգվածային պատվաստումն է, կարծում է հանրային առողջապահության մասնագետ Շանթ Շեխերդիմյանը։
«Պատվաստումների գլխավոր նպատակը հիվանդության ծանր ընթացքը կանխելն ու մահեր թույլ չտալն է։ Եթե պատվաստման ճանապարհով կարողանանք կորոնավիրուսը հասցնել սեզոնային գրիպի մեղմության, այսինքն՝ մահացության հավանականությունը հասցնել զրոյի, դա արդեն մեծ ձեռքբերում կլինի», – մասնագետի խոսքերն է մեջբերում Ampop.am-ը։
Պատվաստումային գործընթացի մեկնարկից՝ 2021 թվականի ապրիլի 13-ից մինչև հոկտեմբերի 24-ը, Հայաստանում կատարվել է ավելի քան 677 000 պատվաստում, որից երկրորդ դեղաչափ ստացել է պատվաստվածների ընդամենը 7%-ը։
Համավարակի դեմ պայքարում պատվաստումների դերի ու արդյունավետության մասին Հայաստանում իրազեկման արշավներն սկսվել են նախքան պատվաստումային գործընթացի մեկնարկը:
Սակայն, ըստ հանրային առողջապահության մասնագետ Արազ Չիլոյանի, ապատեղեկատվությունը շատ է վնասում պատվաստման գործընթացին։ Նրա խոսքով՝ բժիշկների շարքում էլ կան ապատեղեկատվություն տարածողներ։
«Այդ խնդիրը հաղթահարելու համար նրանց հետ շատ ենք աշխատում․ ամեն շաբաթ թրեյնինգներ ենք անցկացնում, որոնց ընթացքում բացատրում ենք, թե ինչու են կարևոր պատվաստումները, ու ինչ պատվաստանյութեր են բերվում Հայաստան։ Այդ թրեյնինգները բաց են բոլոր բժիշկների համար․ ցանկացողները կարող են մասնակցել», – «Ամփոփ Մեդիա»-ի հետ զրույցում ասում է Չիլոյանը, ով արդեն մեկ տարի է, ինչ «Իգործ» ծրագրով Հայաստանում է, և առողջապահության նախարարության կողմից ներգրավվել է քովիդի դեմ պայքարում։
Հայաստանում կիրառվող պրոտոկոլները չեն տարբերվում աշխարհի այլ երկրներում կիրառվողներից։ Էական տարբերություններ չկան նաև հանրապետությունում հասանելի պատվաստանյութերի միջև։
ՀՀ քաղաքացիները կարող են ընտրել այն պատվաստանյութը, որը ցանկանում են։ Անկախ նրանից, թե կորոնավիրուսի՝ այժմ շրջանառվող հիմնական շտամներից որով կհիվանդանա պատվաստված մարդը, հոսպիտալիզացվելու, առավելևս՝ մահանալու հավանականությունը կմոտենա զրոյի։ Ըստ Շեխերդիմյանի՝ դրանով պատվաստանյութերը լուծում են իրենց առջև դրված գլխավոր խնդիրը։
Վիրուսի տարատեսակների վրա առկա պատվաստանյութերի ազդեցության աստիճանը պարզելու համար հետազոտություններ են իրականացվել տարբեր երկրներում։ Վերջին շրջանում արված հետազոտություններով պարզվել է, որ պատվաստանյութերը կարող են նվազեցնել դելտա տեսակի փոխանցումը։ Այն մարդկանց մոտ, ովքեր պատվաստանյութի երկու դեղաչափն էլ ընդունել են, զգալի նվազում է նաև քովիդով վարակվելու և վարակելու հավանականությունը։
Նման եզրահանգման համար հիմք է հանդիսացել նաև Սինգապուրում կատարված հետազոտությունը․ դելտա շտամով վարակված, սակայն պատվաստված մարդկանց օրգանիզմում վիրուսի մակարդակը վարակվելուց մեկ շաբաթ անց կտրուկ իջել է։
Հետազոտություններով նաև պարզվել է, որ պատվաստանյութն առավելագույն պաշտպանություն է ապահովում այն դեպքում, երբ ներարկվում է երկու դեղաչափով՝ պահպանելով ներարկումների միջև սահմանված ժամանակացույցը։
Շանթ Շեխերդիմյանն այն կարծիքին է, որ պատվաստանյութերից ակնկալվող արդյունքը մարդկանց մոտ երկմտելու տեղ չպետք է թողնի՝ հատկապես եթե հաշվի առնենք կորոնավիրուսի հետևանքով առաջացող բարդությունները․
«Կորոնավիրուսից Հայաստանում օրական մահանում է ավելի քան 30 մարդ․ դա արդեն իսկ աղետ է։ Ոչ մեկը չի ասում, թե պատվաստանյութերն անթերի են, բայց ամեն ինչ վնասների ու ռիսկերի համեմատության մեջ պետք է դիտարկել։ Խելամիտ չէ «միգուցեների» համար անտեսել արդեն իսկ ռեալ ռիսկերը, որոնց հանգեցնում է COVID-ը»։
Սկզբնաղբյուր՝ Ampop.am