Նախօրեին Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1517 նոր դեպք (11 982 թեստ է արվել, 12.6%-ը՝ դրական):
1050 հոգի ապաքինվել է, 57 հոգի՝ մահացել։ Փաստացի բուժվողները 27 692-ն են։
Համավարակի մեկնարկից առ այսօր քովիդից 6112 մարդ է մահացել, վարակակիրներից ևս 1263-ը, ըստ Առողջապահության նախարարության, մահացել են «այլ պատճառներով»:
Քովիդից մահացության թվերով Հայաստանը գտնվում է աշխարհում վատագույն 8-րդ տեղում։ Պատվաստվածության ցուցանիշով՝ վերջից մոտ 40-րդ տեղում։
Ամբողջական պատվաստվածությունը՝ երկու դեղաչափով, այս պահին մոտ 7% է կազմում, մեկ դեղաչափով՝ մոտ 16%: Համեմատության համար՝ ամբողջական պատվաստվածության միջին համաշխարհային ցուցանիշը 37․1% է։ Այս տվյալներն ավելի վաղ ներկայացրել էր առողջապահության նախկին նախարար, վարչապետի աշխատակազմի ղեկավար Արսեն Թորոսյանը։
Հոկտեմբերի 16-22-ը կորոնավիրուսից Հայաստանում 221 մարդ է մահացել։ Եվս 23 մարդ՝ վարակված քովիդով, մահացել է «այլ պատճառներով»։ Հիվանդանոցների մահճակալային ֆոնդն ամբողջությամբ սպառված է․ հարյուրավոր մարդիկ (հոկտեմբերի 21-ի տվյալներով՝ մոտ 800 մարդ) սպասում են հոսպիտալացման իրենց հերթին։