Հոկտեմբերի 13-ին Հայաստանում Covid-19-ից ևս մեկ ծննդկան է մահացել։ «Չնայած մեր մասնագետների գործադրած հսկայական ջանքերին, չհաջողվեց փրկել երիտասարդ կնոջ կյանքը», – ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքյան էջում արված գրառման մեջ։
Մեկ ամիս առաջ վարակից հղիի մահվան ևս մեկ դեպք էր գրանցվել։ Նախարարությունը հայտնել էր, որ 23-ամյա կինն սուր շնչառական անբավարարություն էր ունեցել, երկկողմանի թոքաբորբ` թոքերի 40 տոկոս ախտահարմամբ։
Նախօրեին էլ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պետ Ռոմելլա Աբովյանը պատմել էր հիվանդության երիտասարդացման մասին․ «Ավելի շատ թիրախավորված է 30-ից 50 տարեկան ազգաբնակչությունը։ Նաև ունենք դեպքեր երեխաների շրջանում, որոնք ունեն հոսպիտալացման կարիք»։
Վերջին մեկ օրում Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսի 1589 նոր դեպք (թեստերի 12.6%-ը եղել է դրական)։ 754 մարդ ապաքինվել է, 29-ը՝ մահացել։ Փաստացի բուժվողները 16 959-ն են։