Home / Եկեղեցի / Փառք, պատիվ, օլիգարխ․ Նորին Սրբությունների եռակողմ հանդիպումը

Փառք, պատիվ, օլիգարխ․ Նորին Սրբությունների եռակողմ հանդիպումը

Գարեգին Երկրորդ Ամենայն հայոց կաթողիկոսը և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեն՝ Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլի նախաձեռնությամբ այսօր հավաքվել էին Դանիլովի վանքում։

Հոգևոր հայրարի եռակողմ հանդիպումը դռնփակ էր, տևում էր մի քանի ժամ։

«Հուսով եմ, որ մենք ձեզ հետ կգտնենք ճիշտ բառեր, որոնք ամենից շատ են պետք մեր ժողովուրդներին։ Հավատում եմ, որ Ադրբեջանի և Հայաստանի հոգևոր առաջնորդների հեղինակությունը կարող է բարերար ազդեցություն ունենալ մարդկանց մտորումների վրա, և հավատում եմ, որ այսօրվա հանդիպման փաստն ու ձեր միջև երկխոսությունը, սիրելի՛ եղբայրներ, օրինակ կդառնա բոլորի համար», – բացելով հանդիպումը՝ հայտարարեց ռուս ուղղափառ եկեղեցու հովվապետը։ Օրակարգում, ըստ նրա, «Լեռնային Ղարաբաղի համակարտության հետևանքների հաղթահարման խնդիրներն» են։

Հանդիպման ավարտին հայտարարությամբ հանդես եկավ կրկին Ռուսիո պատրիարքը։

«Ադրբեջանցի և Հայաստանի ժողովուրդների համար համակեցությունից բացի այլ ապագա չկա։  Այսօր հատկապես կարևոր է վերականգնել մարդկանց վստահությունը միմյանց նկատմամբ, վերստին սովորել ընկալել հարևանին հարգանքով և փոխօգնության պատրաստակամությամբ, – հայտարարեց Կիրիլը՝ շարունակելով․ – Կրոնական առաջնորդները կոչված են օգտագործել իրենց հեղինակությունը՝ ստեղծելու և պահպանելու բարիդրացիական մթնոլորտ ժողովուրդների և կրոնների միջև: ․․․Հարկավոր է ապագայում ամբողջ ուժով ձգտել խուսափել ատելության լեզվից, զերծ մնալ հակամարտության գոտում ռազմական գործողությունների կոչերից: Կոչ ենք անում երիտասարդներին՝ չտրվել ագրեսիայի ու ռադիկալիզմի ոգուն, փնտրել նախևառաջ խաղաղություն»։

Կիրիլ Պատրիարքը հավաստիացրեց՝ կրոնական առաջնորդները պատրաստ են աջակցել Ադրբեջանի և Հայաստանի ժողովուրդների հաշտեցմանը, ինչի համար աղոթում է նաև ռուս ուղղափառ եկեղեցին։

Քիչ առաջ հայտարարությամբ հանդես եկավ նաև Էջմիածինը, ըստ որի՝ մոսկովյան եռակողմ հանդիպմանը Հայոց Կաթողիկոսը նշել է, թե «քանի դեռ Ադրբեջանը չի վերադարձրել բոլոր ռազմագերիներին, չի դադարեցրել ուժի կիրառումը, քանի դեռ ԼՂ կարգավիճակը հստակեցված չէ ու Ադրբեջանը շարունակում է իր ոտնձգությունները ՀՀ պետական սահմանի նկատմամբ՝ ղարաբաղյան հակամարտությունը չի կարգավորվի», բայց նաև շեշտել է, թե «հոգևոր առաջնորդների ջանքերը պետք է ուղղված լինեն համերաշխության ու փոխըմբռնման մթնոլորտ ձևավորելուն»։

Փառք, պատիվ, ռուսաստանցի օլիգարխ

Նախօրեին պատրիարք Կիրիլն առանձին հանդիպումներ էր ունեցել թե՛ Գարեգին Երկրորդի և թե՛ Ալլահշուքյուր Փաշազադեի հետ։

Մոսկվայի և Համայն Ռուսիո Պատրիարքը հանդիպման ավարտին Հայոց կաթողիկոսին շնորհել էր Ռուս Ուղղափառ եկեղեցու «Փառքի և Պատվի» առաջին աստիճանի շքանշանը։ Ընդգծելով քրիստոնեական ներկայության կարևորությունը Կովկասում` Կիրիլը նաև նշել էր․ «Ամենաուժեղ, թերևս, ներկայություններից մեկն իրականացվում է Ձեր Եկեղեցու և Ձեր անձի միջոցով: Ամեն կերպ պետք է աջակցենք, որպեսզի Ձեր ծառայությունն այնքան բարեհաջող լինի, որքանով դա հնարավոր է Ռուս Ուղղափառ եկեղեցու համար»:

Երկօրյա այցից առաջ Հայ առաքելական եկեղեցին հաղորդագրություն էր տարածել, որում նշվում էր, որ Վեհափառի պատվիրակության կազմում Մոսկվա են մեկնել մի շարք բարձրաստիճան հոգևորականներ, որոնց շարքում էր նաև Արցախի թեմի առաջնորդ  Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։

Մամուլի ուշադրությունը առավել գրավել է, սակայն, Ալլահշուքյուր Փաշազադեի հետ երեկվա հանդիպումը, որին, հոգևոր հայրերից բացի, ներկա էր նաև Ադրբեջանում ծնված ռուսաստանցի օլիգարխ, Մոսկվայում «Եվրապեյսկի» առևտրի կենտրոնի և «Ուկրաինա» հյուրանոցի սեփականատեր Գոդ Նիսանովը (վերջինիս կարողությունը, ըստ Forbes-ի, 2019-ին կազմում էր շուրջ 3․5 միլիարդ դոլար)։ Ի՞նչ սկզբունքով էր նա ընդգրվել պատվիրակության կազմում՝ հայտնի չէ։

Նիսանովի բավականին մտերիմ հարաբերություններ ունի ոչ միայն Ադրբեջանի նախագահի, այլև, ըստ «Проект» հարթակի հետաքննության, Ռուսաստանի արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի հետ, որը ղարաբաղյան երկրորդ պատերազմի օրերին ժամանակ էր անցկացնում ադրբեջանցի միլիարդատիրոջ լողավազանում և օգտվում նրա անձնական օդանավից՝ ուղևորվելով Բաքու և Ավստրիա։