Ամենայն Հայոց կաթողիկոսը երկօրյա այցով մեկնել է Մոսկվա։
Այցի ընթացքում Գարեգին Երկրորդը կհանդիպի Համայն Ռուսիո Կիրիլ Պատրիարքի հետ և կմասնակցի «տարածաշրջանի հոգևոր առաջնորդների եռակողմ հանդիպմանը»:
Գարեգին Բ-ի, Կիրիլ Պատրիարքի և Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Շեյխ-ուլ-Իսլամ Ալլահշուքյուր Փաշա Զադեի հանդիպման մասին ավելի վաղ հաղորդել էին նաև ադրբեջանական լրատվամիջոցները։
Հայ առաքելական եկեղեցին տեղեկացրել է, որ Գարեգին Բ-ի պատվիրակության կազմում Մոսկվա են մեկնելու ՀԱԵ մի շարք բարձրաստիճան հոգևորականներ, այդ թվում՝ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը։
Հոգևոր առաջնորդից բացի՝ Մոսկվա կմեկնի նաև Հայաստանի աշխարհիկ առաջնորդը։ Վաղը տեղի կունենա Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի՝ այս տարվա ընթացքում արդեն չորրորդ հանդիպումը։
Նախօրեին Ռուսաստանի մայրաքաղաք էր մեկնել նաև Հայաստանի պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։