300 քաղաքացի այս պահին սպասում է հոսպիտալացման իր հերթին՝ գրում է առողջապահության փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
Համավարակային իրավիճակի կտրուկ վատթարացման պատճառով հայաստանյան առողջապահական համակարգը կրկին հայտնվել է ճգնաժամի շեմին։
Հիվանդանոցներն աշխատում են գերծանրաբեռնված ռեժիմով, մահճակալային ֆոնդը սպառված է՝ այսօրվա ասուլիսին հայտարարել է ՀՎԿԱԿ համաճարակաբանության վարչության պետ Ռոմելլա Աբովյանը։
«Վերջին 14 օրվա տվյալները փաստում են, որ նախորդ 14 օրվա համեմատ ունենք դեպքերի շուրջ 50 տոկոս աճ։ Վարակի վերարտադրողական ցուցանիշը 1-ից բարձր է, ինչը նշանակում է, որ վարակը շատ արագ տեմպերով է տարածվում։ Ցավոք, ունենք մանկապատանեկան բոլոր տարիքային խմբերում 1․5-ից մինչև 1․7 անգամ դեպքերի աճ։ Ըստ ԵՄ չափանիշների՝ մենք կարմիր գոտուց արդեն անցնում ենք վառվող կարմիր գոտի․․․
Հիվանդությունը բարձր է բոլոր մարզերում՝ անխտիր։ Հիվանդությունը երիտասարդացել է, ավելի շատ թիրախավորված է 30-ից 50 տարեկան ազգաբնակչությունը։ Նաև ունենք դեպքեր երեխաների շրջանում, որոնք ունեն հոսպիտալացման կարիք։
Հիվանդանոցները աշխատում են գերծանրաբեռնված։ Մահճակալային ֆոնդը սպառված է։ Բավականին ծանր են դեպքերը։ Բավականին մտահոգիչ իրավիճակ է ստեղծվել», – ասել է Աբովյանը։
Ըստ վերջին տվյալների՝ Հայաստանում քովիդից բուժվում է 17 624 քաղաքացի։
Հոկտեմբերի 12-ին կատարվել է 8 497 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 217 նոր դեպք, այսինքն, դրական է թեստերի 14,3 տոկոսը։ Մեկ օրում արձանագրվել է մահվան 28 դեպք: Հոկտեմբերի 11-ին վիրուսից 43 մարդ էր մահացել՝ վատագույն ցուցանիշը