Գյումրու պոլիկլինիկաներից մեկի բուժաշխատակիցները, ըստ ԱԱԾ-ի, 5-10 հազար դրամ կաշառքի դիմաց պատվաստման կեղծ սերտիֆիկատ են տվել ավելի քան 700 քաղաքացիների։
«Շիրակի մարզպետարանի ենթակայությամբ գործող «Գյումրիի Վ.Աբաջյանի անվան ընտանեկան բժշկության կենտրոն» պոլիկլինիկա ՓԲ ընկերության մի խումբ բուժաշխատակիցներ 2021 թվականի ապրիլ ամսից մինչև օրս ընկած ժամանակահատվածում նույն բժշկական հաստատությունում փաստաթղթերով ձևակերպված և ինչպես Շիրակի մարզում, այնպես էլ Հայաստանի այլ տարածքներում բնակվող ավելի քան 700 քաղաքացիների փաստացի չեն պատվաստել սահմանված դեղատեսակներով և դեղաչափերով, փոխարենը` կազմել և հաստատել են կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող, իրականությանը չհամապատասխանող փաստաթղթեր՝ սերտիֆիկատներ, որոնք մուտքագրել են էլեկտրոնային առողջապահության միասնական տեղեկատվական «ԱՐՄԵԴ» համակարգ», – ասված է ԱԱԾ-ի հաղորդագրությունում։
Նշված գործողությունների դիմաց բուժաշխատակիցները յուրաքանչյուր քաղաքացուց ստացել են 5 000-10 000 դրամի չափով կաշառք։ Նրանց անունով դուրս գրված պատվաստանյութերը ոչնչացվել են:
Ծառայությունից տեղեկացնում են, որ ձերբակալվել են բժշկական հաստատության թվով 6 աշխատակիցներ, ովքեր էլ տվել են խոստովանական ցուցմունքներ` տեղեկություններ ներկայացնելով ինչպես կիրառված հանցավոր մեխանիզմի, այնպես էլ որպես կաշառք ստացած գումարների և փաստացի կեղծ սերտիֆիկատներ ստացած անձանց վերաբերյալ:
Պատվաստման կեղծ սերտիֆիկատների «վաճառքի» վերաբերյալ սա թեև ամենախոշոր, բայց ոչ առաջին բացահայտումն է․ նախորդների մասին՝ այստեղ։