«Մուրացան» հիվանդանոցում քովիդով վարակված մեկ ամսական երեխա է մահացել։
«Փոքրիկն ընդունվել էր բուժհաստատություն հոկտեմբերի 19-ին, արհեստական շնչառության սարքին միացվել էր հոկտեմբերի 26-ին»,- գրել է Երևանի Պետական բժշկական համալսարանի աշխատակազմի ղեկավար Շուշան Դանիելյանը:
Երեխայի կենսաբանական մահն, ըստ նրա, արձանագրվել է այսօր առավոտյան՝ նորածինների վերակենդանացման բաժանմունքում։
Կորոնավիրուսի նոր՝ «Դելտա» շտամը, ըստ առողջապահության ոլորտի պատասխանատուների, այլևս վտանգում է ոչ միայն տարեց կամ քրոնիկ հիվանդություններ ունեցող, այլև՝ երիտասարդ և համեմատաբար առողջ մարդկանց կյանքը։ Թիրախավորված է 30-ից 50 տարեկան ազգաբնակչությունը, կան հոսպիտալացված երեխաներ։
Շտամը բավական ագրեսիվ ընթացք է ունենում նաև հղիների մոտ։ Նախօրեին առողջապահության նախարարը հայտարարել էր, որ արդեն իսկ «ունենք 122 հղի կին, ովքեր հոսպիտալացված են», նրանցից 53-ը գտնվում են թթվածնային կախյալ վիճակում, ունեն թոքաբորբ։