Համաշխարհային բանկի վերջին զեկույցի համաձայն՝ կորոնավիրուսի համավարակը զգալի մեծացրել է թերուսությունը կամ ֆունկցիոնալ անգրագիտությունը։ Ցածր և միջին եկամուտ ունեցող երկրներում 10 տարեկանների համամասնությունը, որ չի կարող կարդալ և հասկանալ տարրական տեքստ, հասել է շուրջ 70 տոկոսի։ Սա դպրոցների փակման և ընդհատվող կրթության հետևանք է։ Այս երկրների մեծ մասում դպրոցները փակ են եղել 200-250 օր, և շատերը դեռ փակ էլ մնում են։ Տարեսկզբին կանխատեսում կար, որ ֆունկցիոնալ անգրագիտության աճը կկազմի 10 տոկոս, բայց հետազոտությունները ցույց են տալիս, որ բացասական ազդեցությունն ավելի մեծ է՝ 17 տոկոս, քանի որ մինչքովիդյան ժամանակում թերուսության մակարդակն այս երկրներում եղել է 53 տոկոս։
Ըստ չափումների, մեկ ամիս դասի չգնալը հավասարարժեք է լինում առնվազն նույնքան ժամանակ ուսումնառության հետընթացին։
Այս տվյալները ներկայացնելով՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը Ֆեյսբուք սոցցանցի իր էջում գրել է․
«Մեր երկրում դպրոցների փակման ցուցանիշը շատ ավելի ցածր էր՝ 12 շաբաթ։ Մեր երեխաները հետ են ընկել մեկ կիսամյակի չափ՝ ի տարբերություն շատ երկրների, որտեղ մեկուկես տարվա բաց է գոյացել։ Բայց սա էլ շատ լուրջ խնդիր է՝ հատկապես գումարվելով կրթական համակարգի եղած խնդիրներին։
Համավարակը միայն առողջապահական խնդիր չի։ Այն իր հետևանքով ու ազդեցությամբ դարձել է գնալով ահագնացող խնդիր կրթական համակարգի համար։ Զերծ պահենք մեր երեխաներին վատթար իրավիճակից. առողջապահական իրավիճակին աջակցելու մեզնից յուրաքանչյուրի քայլը դառնում է նաև կրթության իրավունքն ապահովելու քայլ»։