18։00 Առողջապահական համակարգի ներկայիս գերլարված իրավիճակում անթույլատրելի և անընդունելի է աշխատանքը առժամանակ դադարեցնելը՝ հայտարարել է առողջապահության նախարարությունը՝ արձագանքելով շտապօգնության 6-րդ ենթակայանի «մի քանի վարորդի բողոքի ակցիային»։ Նախարարությունը պատրաստակամություն է հայտնել լսել ու քննարկել Երևանի քաղաքապետարանի առաջարկները, որոնք ուղղված կլինեն հարցի լուծմանը։
16։01 Երևանի քաղաքապետարանի ենթակայության տակ գործող Շտապօգնության 6-րդ ենթակայանի վարորդներն աշխատավարձի բարձրացում են պահանջում։ Նոյեմբերի 2-ին անցկացվող բողոքի ցույցի մասնակիցների խոսքով՝ ցայսօր անցկացված հանդիպումներն ու մի շարք պետական կառույցներ դիմելը որևէ արդյունք չեն տվել։ Նրանք խոստանում են, որ 6-րդ ենթակայանի վարորդների բողոքին են միանալու այլ ենթակայանների վարորդներ ևս։ Մինչ այդ նրանց էին միացել նաև բժիշկները, ովքեր ևս գերծանրաբեռնված են աշխատում և հանգստանալու որևէ ժամանակ չեն ունենում։
Ասում են՝ պարգևավճարներ, ի տարբերություն այլ պետական հաստատությունների աշխատակիցների, չեն ստանում, երբեք անգամ 13-րդ աշխատավարձ չեն ստացել: Եթե նախկինում 500 կանչ են սպասարկել, այժմ դրանք մոտ 2500 են: Խնդրի մասին խոսել են նաև ղեկավարության հետ, սակայն հարցը լուծում չի ստացել:
Այժմ պլանավորում են շարունակել ակցիան այնքան ժամանակ՝ մինչև պահանջն ի կատար ածվի։
Լրագրողների հետ զրույցում վարորդներն ասում են՝ վաստակած գումարով ընտանիք չես պահի․ նրանցից մեկն, օրինակ, օրական ստանում է մոտ 12 հազար դրամ այն դեպքում, երբ, պատահում է՝ մեկ օրում մինչև 30 կանչի են մեկնում։ Երկու կամ երեք օրը մեկ աշխատելով, վաստակում են 111 հազար դրամից մի փոքր ավել գումար։ Այժմ ծանրաբեռնվածության աստիճանն այնքան մեծ է, որ ստիպված են տարբերակում անել․ բարձր ջերմության հետ կապված զանգերին այլևս ստիպված են չարձագանքել։
Նրանք նաև ուշադրություն են հրավիրում ավտոմեքենաների վրա ծախսվող գումարին․ դրանց անսարքությունն սեփական միջոցներով պետք է շտկեն։ Բացի դա, առանց ԿԱՍԿՈ ապահովագրության են աշխատում։
Բողոքի ակցիայից աշխատանքը չի տուժում, Sputnik Արմենիայի հետ զրույցում հավաստիացրել է «Շտապբուժօգնություն» ՓԲԸ-ի տնօրեն Թագուհի Ստեփանյանը՝ հավելելով, որ ցույց իրականացնող վարորդներն այսօր հերթապահության մեջ չէին։
Բայցևայնպես, վարորդների՝ հարցը ցույցի շրջանակներում բարձրացնելու գաղափարը նրա համար դուրեկան չէ․ «Չեմ ընդունում բուժհիմնարկի աշխատանքը նման ձևով խափանելը»։
Ըստ Ստեփանյանի՝ աշխատավարձի բարձրացման խնդիրն արդեն իսկ քննարկվել է, «չենք անտեսել, ուղղակի ժամանակի հարց է»։ Սակայն Ստեփանյանը դժվարացավ ասել՝ երբ կլինի համապատասխան որոշումը։
Ինչ վերաբերում է ծանրաբեռնվածության խնդրին, ընկերության տնօրենը նկատել է, որ ավելի ծանր օրեր էլ են եղել․ «Աշխատանքի ընդունվելուց իմացել են` ինչ ոլորտ է և ինչ ծանրաբեռնվածություն ունի»։