Home / Առողջապահություն / «Օգնեք մեզ օգնել ձեզ»․ կառավարությունը՝ համավարակի մասին

«Օգնեք մեզ օգնել ձեզ»․ կառավարությունը՝ համավարակի մասին

Դպրոցներում արձակուրդների երկարացումն ու բուհերի՝ առցանց ուսուցմանն անցնելն արդեն որոշակի դրական միտումներ են ցույց տալիս․ «Մենք տեսնում ենք, որ հիվանդացության և վերարտադրողականության տոկոսի առումով նվազում ունենք, ինչը կարձանագրվի հաջորդ շաբաթվա թվերի առումով»։

Կառավարության այսօրվա նիստի ընթացքում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, ներկայացնելով կորոնավիրուսի համավարակով պայմանավորված իրավիճակը, նկատել է՝ մահճակալային ֆոնդն այս պահին էլ սպառված է մնում։

«Ունենք մի փորք նվազում հոստիպալացման սպասող քաղաքացիների շրջանում, բայց մահճակալները դեռ ոչ մի վայրկյան ազատ չեն մնում և մեկօրյա ռեժիմով փորձում ենք տեղավորել մեր պացիենտներին։

Մահճակալային ֆոնդն արդեն 3120-ին մոտ է, և մենք հընթացս նաև աշխատանքներ ենք տանում լրացուցիչ մահճակալներ ներգրավելու համար։ Ընթացիկ պլանայաին որոշակի բուժումներ, վիրահատություններ հետաձգելով, այդ մահճակալները տրամադրում ենք քովիդ-պացիենտներին։

Իրականացնում ենք աշխատանքներ թթվածնային ապահովության անխափան մատակարարումն ապահովելու համար, և այս պահին, կարծես թե, այդ աշխատանքները հստակ կերպով իրականացվում են, և մեր բոլոր բժշկական հաստատությունները ապահովված են թթվածնով, չնայած նրան, որ սպառումը գերռեսուրսներով է իրականացվում»։

Ինչ վերաբերում է պատվաստումների ցուցանիշներին, ապա, ընդհանուր առմամբ, 852 355 պատվաստում է իրականացվել․ առաջին դեղաչափը ստացել է 588 562 քաղաքացի (բնակչության 29․4%), երկրորդը՝ 263 793 քաղաքացի (13%)։

Նախարարի խոսքով՝ Մոդեռնա պատվաստանյութը ստանալուց հետո համապատասխան հրամանի մեջ փոփոխություններ են մտցվել․ այժմ 12 տարեկանից բարձր երեխաները ևս կարող են պատվաստվել, «իհարկե, ծնողների գրավոր համաձայնությամբ»։

«Կարող եմ ասել՝ կա երեխաներին պատվաստելու հետաքրքրություն․ 12 տարեկանից բարձր մոտ 50 երեխա պատվաստվել է»։

Հոսպիտալացված քաղաքացիների շրջանում պատվաստվածների թիվը շատ փոքր է, ինչը, Ավանեսյանի խոսքով, ցույց է տալիս, որ պատվաստումներն արդյունավետ են և կատարում են իրենց գլխավոր դերը․ «Այս պահին 3000-ից ավել հոստիպալացված քաղաքացիներից ընդամենը 37-ն են, որ պատվաստված են»։

«Պատվաստված պետք է համարել այն քաղաքացիներին, ովքեր երկու դեղաչափ են ստացել», – իր հերթին, նկատել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ – «Հետևաբար, մեր պատվաստված քաղաքացիների թիվը 263 հազար է»։

Հիշեցնելով նաև բաց տարածքներում պարտադիր դիմակ կրելու հետ կապված որոշման և ոստիկանների կողմից այս ուղղությամբ իրականացվող վերահսկողության մասին, Փաշինյանը կարևորել է նաև մարդկանց բարձր գիտակցությունը․

«Մենք պետք է մեր քաղաքացիներին շարունակ այդ ուղերձը տանք՝ որ կորոնավիրուսից մահվան հավանականությունը նվազեցնելու տարբերակը պատվաստումն է։ Ուրիշ տարբերակ ուղղակի չկա, սիրելի հայրենակիցներ»։

Կառավարության ղեկավարը նշեց նաև, որ «լոքդաունների չեն գնալու»․

«Եղած հնարավորությունները թույլ են տալիս օրական 25 հազար պատվաստում իրականացնել, բայց օրեր են լինում՝ դրանից քիչ ենք պատվաստում իրականացնում քաղաքացիների ոչ ակտիվ լինելու պատճառով։

Մենք ունենք պատվաստանյութերի անհրաժեշտ պաշար։ Ընտրությունը քաղաքացիներինն է․․․ Մենք չենք էլ կարծում, որ էդտեղ, կներեք, ընտրություն կա։

Կոչ եմ անում նաև բոլորիդ՝ կառավարության անդամներին, մեր մարզպետերին, նաև հրապարակային ելույթներում անընդհատ շեշտել սա։ Մարզերում պետք է այս գիտակցությունը մեծացնել, աշխատել այս ուղղությամբ, պետք է մարդկանց փրկել։

Այն երկրներում, որտեղ կա 80-90 տոկոսանոց պատվաստում, արդեն գործնականում հարցը լուծված է, այսինքն՝ մահվան շատ ցածր ցուցանիշներ են»։

Կառավարությունն, ըստ նրա, համավարակը հաղթահարելու համար բոլոր միջոցները ձեռնարկել է։

«Քաղաքացիներին խնդրում ենք, կոչ ենք անում ակտիվորեն պատվաստվել։ Իհարկե, վարչական լծակները նույնպես կարևոր են, և դրանք գործի ենք դնելու․ որտեղ կա տրամաբանական խստացման տեղ, մենք էդ ճանապարհով էլ պետք է գնանք։ Բայց, ընդհանուր առմամբ, մենք մարդկանց խնդրում ենք օգնել մեզ, որպեսզի կարողանանք օգնել իրենց կորոնավիրուսի մահվան դեպքերը նվազեցնելու»։

Նշենք, որ, առավոտվա տվյալներով, երեկ վարակվածների շրջանում 46 մահ էր գրանցվել (41-ը կորոնավիրուսից, 5-ը՝ «այլ պատճառով»)։ Նոյեմբերի 4-ի դրությամբ հաստատվել էր 2330 նոր դեպք (13 184 թեստ, որից 19.1%-ը՝ դրական), առողջացածների թիվը՝ 1270։ Փաստացի բուժվողները 32 277-ն են։ Համավարակից ի վեր Հայաստանում քովիդից 6532 մարդ է մահացել, վարակակիրներից ևս 1317-ը, ըստ ԱՆ-ի, մահացել են «այլ պատճառներով»։