Օմիկրոն, նոր դեպքեր, ավելի թեթև ընթացող վարակ, ավելի լայնածավալ տարածում
2022-ի առաջին շաբաթվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով վարակման 7 միլիոն դեպք ։ Հիվանդությունն ավելի մեղմ է ընթանում, սակայն մուտացիաների շնորհիվ շրջանցում է իմունային պատասխանը և տարածվում է մեծ արագությամբ․ այն արդեն մուտք է գործել ավելի քան 110 երկիր։ Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսմամբ՝ մի քանի շաբաթվա ընթացքում նոր շտամով կվարակվի Եվրասիայի բնակչության կես։
Հունվարի 8-ին Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման կենտրոնը տեղեկացրել էր Հայաստանում «Օմիկրոնով» առաջին երկու վարակվածների մասին․ նրանք գտնվում էին բավարար վիճակում և բուժում էին ստանում տանը։ Այս պահին հայտնի է ևս 7 դեպքի մասին։
Վարակվածների մոտ հիվանդությունը մեծամասամբ նկատելիորեն ավելի թեթև է ընթանում։ Հիմնական ախտանիշներից են կոկորդի ցավը, չոր հազը, քթից արտահոսքը և մկանային ցավերը՝ հաճախ գոտկատեղի շրջանում։ «Օմիկրոնը» մյուս շտամերի համեմատ ավելի քիչ է հակված առաջացնել հոտի և համի կորուստ։ Միաժամանակ՝ մասնագետներին անհանգստացնում է վարակի արագ տարածման հակումը, որը՝ չվերահսկվելու դեպքում, կարող է շատ ավելի ծանրաբեռնել առողջապահական համակարգի ներկայիս վիճակը։
Ըստ Հայաստանի առողջապահության նախարարության՝ երկիրը գրիպի և շնչառական վարակների սեզոնում է, որոնք տալիս են այս շտամով վարակին նման կլինիկական պատկեր, հետևաբար՝ նմանատիպ ախտանիշների ի հայտ գալու դեպքում անհրաժեշտ է դիմել պոլիկլինիկա։
Շտամի մասին առաջին տեղեկությունները
«Օմիկրոնի» մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն առաջին անգամ տեղեկություն է ստացել անցյալ տարվա նոյեմբերի 24-ին՝ հարավաֆրիկյան իշխանությունների կողմից, որտեղ այդ պահի դրությամբ քովիդով հիվանդների թիվն ավելի քան երկու շաբաթ շարունակ արագընթաց աճում էր։ Նոյեմբերի 26-ին արդեն ԱՀԿ-ն պաշտոնապես դասակարգեց «Օմիկրոնը» որպես «անհանգստություն առաջացնող շտամ»։
Վերջինս ունի ավելի քան 50 գենետիկական մուտացիաներ, որոնք կարող են ազդել վիրուսի նկատմամբ օրգանիզմի ընկալունակության, իմունային պատասխանից խուսափելու, վիրուսի բազմացման և տարածման առանձնահատկությունների վրա։ Օրինակ, «Օմիկրոն» շտամը շնչառական ուղիներում բազմանում է 70 անգամ ավելի արագ քան «Դելտան», ինչի շնորհիվ էլ ավելի մեծ խտությամբ է դուրս գալիս արտաքին միջավայր՝ վարակելով շրջապատի մարդկանց։ Մուտացիաները որոշակիորեն փոփոխել են նաև վիրուսի ախտածին հատկությունները՝ նոր շտամի թոքաբորբ առաջացնելու ունակությունը 10 անգամ ավելի թույլ է արտահայտված։
Ինչպես ախտորոշել նոր շտամը
Վիրուսի այս տարբերակը, ինչպես և նախորդները, հաջողությամբ ախտորոշվում է ՊՇՌ թեստավորմամբ, քանի որ այս մեթոդով հայտնաբերում են վիրուսի տարբեր կառույցներ` սպայկ «S», նուկլեոկապսիդ «N2», արտաքին թաղանթ «E» կոդավորող գեները: Քանի որ նոր շտամի մուտացիաների մեծ մասը գտնվում են սպայկը կոդավորող հատվածում, չհայտնաբերելով «S» գենը ախտորոշում են «Օմիկրոն»։
Բացի այդ, Ռուսաստանում վերջերս գրանցվել է նոր շտամի հայտնաբերման նպատակով ստեղծված առաջին «ԱմպլիԹեստ» թեստային համակարգը, որը, հայտնաբերում է «Օմիկրոնը» նաև անախտանիշ վարակակիրների և հիվանդության գաղտնի շրջանում գտնվողների մոտ։
Ինչպես խուսափել վարակից
Մասնագետները հիշեցնում են, որ «Օմիկրոնն» ընդհանուր առմամբ տարածվում է նույն կերպ, ինչպես վարակի նախորդ տարբերակները և, հետևաբար, կանխարգելիչ միջոցառումները նույնպես նույնն են․ պահպանել սոցիալական հեռավորություն, մեծաքանակ մարդկանց կուտակման վայրերում կրել դիմակ, հաճախակի լվանալ ձեռքերը, և իհարկե պատվաստվել։
Գոյություն ունեցող պատվաստանյութերից «Օմիկրոնի» նկատմամբ բավականաչափ արդյունավետություն են ցուցաբերել Sputnik-V-ն, Pfizer-ը և Moderna-ն՝ խթանիչ (երրորդ և ավելի) դեղաչափերով։ Նոր շտամի նկատմամբ շատ ավելի քիչ ազդեցություն ունեն AstraZeneca և Johnson & Johnson (Janssen) պատվաստանյութերը։
Pfizer դեղաբանական ընկերությունը հայտնել է, որ կարող է ստեղծել նոր պատվաստանյութ՝ հատուկ «Օմիկրոն» շտամի համար, որը հնարավոր կլինի շրջանառության մեջ դնել արդեն մարտին, սակայն առողջապահական մասնագետներն առայժմ վստահ չեն դրա անհրաժեշտության մեջ։
Բացի այդ՝ ամերիկյան ռազմական բժիշկները հայտնել են, որ հաջողությամբ է ավարտվել SpFN ունիվերսալ պատվաստանյութի առաջին կլինիկական փուլը։ Ենթադրվում է, որ այն պետք է պաշտպանի ոչ միայն կորոնավիրուսի բոլոր ներկա և ապագա շտամերի, այլ նաև որոշ այլ շնչառական ինֆեկցիաների դեմ։ Փորձարկմանը մասնակցել է 72 կամավոր։ Փորձի ամբողջական տվյալները դերևս հասանելի չեն լայն հանրությանը և դեռ չեն տպագրվել որևէ բժշկական ամսագրում։ Ոլորտի մասանագետները կասկածամտորեն են մոտենում այս հայտարարություններին։
Բուժում, նոր դեղորայք, արդեն գործածվող տարբեր դեղերի արդյունավետություն
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը համավարակի բուժման նպատակով կիրառվող դեղամիջոցների ցանկում է ներառել երկու նոր դեղ՝ բարիցիտինիբ և սոտրովիմաբ։ Առաջինը կանգնեցնում է իմունային գերակտիվությամբ պայմանավորված բորբոքումը և կիրառվում է ռևմատոիդ արթրիտի բուժման մեջ։ Խորհուրդ չի տրվում գործածել ինտերլեյկին 6 ընկալիչների ներհակորդների հետ միասին։ Հոսպիտալիզացիայի բարձր ռիսկով միջին աստիճանի հիվանդներին խորհուրդ է տրվում գործածել մոնոկլոնալ հակամարմինային սոտրովիմաբ դեղանյութը։
Դեկտեմբերի վերջերին ԱՄՆ-ում բուժման տարբերակների մեջ ներառեցին «Օմիկրոնի» դեմ արդունավետ համարվող պակսլովիդ և մոլնուպիրավիր դեղերը, որոնց ցուցված են ծանր ախտանիշների հակված վարակակիրների շրջանում գործածման համար։
ԱՀԿ-ն նաև նշել է որոշ դեղեր, որոնք գործածվում էին համավարակի սկզբում, սակայն գործնականորեն անարդյունավետ են ճանաչվել։ Դրանք են հակավիրուսային միջոց ռեմդեսիվիրը, մալարիայի դեմ կիրառվող հիդրօքսիքլորոքինը, հակառետրովիրուսային ռիտոնավիրը և լոպինավիրը։
Այսօր Հայաստանում վարակվածների թիվը գրեթե կրկնակի աճել է՝ անցնելով 620-ը։ Եթե մեկ շաբաթ առաջ բուժվողների թիվը 3972 էր, այժմ նրանց թիվը հասել է 5927-ի՝ աճելով 49․2%-ով։ Կառավարության նիստում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ աճը պայմանավորված է հենց «Օմիկրոնով» և հիշեցրել, որ վարակի դեմ պայքարելու լավագույն միջոցը պատվաստումներն են, մինչդեռ Հայաստանում ամբողջապես պատվաստվել է բնակչության 26․1%-ը։
Հիշեցնենք նաև, որ հունվարի 22-ից գործելու են խստացված սահմանափակումներ՝ հանրային մի շարք վայրեր մուտք գործել հնարավոր կլինի միայն պատվաստման սերտիֆիկատով կամ քովիդ բացասական թեստի արդյունքով։ Միաժամանակ՝ դրանց առկայության պարագայում կթույլատրվեն բանակային և բանտային տեսակցությունները, որոնք արգելվել էին համավարակի աշնանային սրացումների ժամանակ։