Մեկ շաբաթում Հայաստանում կորոնավիրուսի վերարտադրողական ցուցանիշը կրկնապատկվել է։ ՀՎԿԱԿ ներհիվանդանոցային վարակների կանխարգելման բաժնի պետ Ռոմելա Աբովյանի խոսքով՝ աշխարհում իրավիճակը լարված է, ինչը պայմանավորված է նոր ի հայտ եկած Օմիկրոն շտամով, իսկ այն, միջազգային կազմակերպությունների և միջազգային փորձի համաձայն, ավելի արագ է տարածքվում, քան Դելտա շտամը։
Համաճարակաբանական վերլուծությունները ցույց են տալիս՝ դեպքերն էլի կշատանան։
«Պատվաստանյութերի մասով արդեն իսկ առաջարկվել է ԱՀԿ-ի կողմից, որ Օմիկրոնի դեպքում շատ ավելի արդյունավետ է բուսթերային պատվաստման իրականացումը, այսինքն՝ երրորդ դեղաչափի», – նկատել է Աբովյանը։
Քովիդի տեմպերը վերահսկելու համար հունվարի 22-ից գործելու են հերթական սահմանափակումները․ մուտքը մի շարք վայրեր պետք է լինի միայն պատվաստման կամ կորոնավիրուսի թեստի բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատով, հիշեցնում է Առողջապահության նախարարությունը։
Սահմանափակումները գործելու են ամենառիսկային՝ սննդի օբյեկտներում, մշակութային, ժամանցային վայրերում, մարզասրահներում և այլն։
Հանրային վայրեր մուտք գործելիս, անհրաժեշտ է ներկայացնել եռօրյա վաղեմության բացասական թեստի թղթային հավաստագիր կամ պատվաստման մասին վկայող էլեկտրոնային QR-կոդը։
ԱԱՏՄ Երևան քաղաքի տարածքային կենտրոնի հակահամաճարակային վերահսկողության բաժնի պետ Նոնա Հայրապետյանը նկատել է, որ կառույցը նախապես տեղյակ չի պահում ստուգայցի մասին․ «Առավոտյան 10-ից սկսում ենք ստուգայցերը, և ըստ անհրաժեշտության, ընդհուպ մինչև շաբաթ-կիրակի օրերին․․․»։
Հունվարի 17-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել էր 168 նոր դեպք․
-4040 թեստ (4.3%-ը՝ դրական)
– 46 առողջացած
– 2 մահ (1-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ «այլ պատճառով»)
– փաստացի բուժվողները 4594-ն են։
Համավարակից ի վեր Հայաստանում քովիդից 8020 մարդ է մահացել, վարակակիրներից ևս 1516-ը, ըստ նախարարության, մահացել են «այլ պատճառներով»:
Կատարվել է 1 մլն 761 հազար 529 պատվաստում (առաջին դեղաչափով՝ 973 944, երկրորդ դեղաչափով՝ 784 849, խթանիչ դեղաչափ ստացել է 2736 քաղաքացի)։