Աֆրիկացիների մուտքը Հայաստան ժամանակավորապես կարգելվի
Կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամով պայմանավորված՝ Հարավային Աֆրիկայի Հանրապետությունից, Բոտսվանայից, Լեսոթոյից, Նամիբիայից, Զիմբաբվեից, Մոզամբիկից, Մադագասկարից և Տանզանիայից քաղաքացիների մուտքը Հայաստան ժամանակավորապես կսահմանափակվի՝ այսօրվա մամուլի ասուլիսին հայտարարել է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Որոշումը հիմնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) հաղորդագրությունների վրա և պայմանավորված է կորոնավիրուսի նոր շտամի («Օմիկրոն», «B.1.1.529») տարածմամբ։
Նոր հարուցիչը հայտաբերվել է Հարավային Աֆրիկայի Հանրապետությունում։ Դեպքեր են գրանցվել նաև Հոնկոնգում, Բելգիայում, Իսրայելում, Բրիտանիայում… Հաղորդվում է, որ շտամն արդեն տարածվում է նաև Մեծ Բրիտանիայում։
«Օմիկրոն» շուրջ 50 մուտացիա ունի, որոնցից 30-ը՝ սպայկային սպիտակուցում։ Ըստ ԱՀԿ-ի՝ նոր շտամի դեպքում ներկայիս պատվաստանյութերը կարող են այդքան էլ արդյունավետ չլինել։ Շտամն ավելի արագ է տարածվում, քան նախորդները, և վարակում է նաև քովիդից արդեն ապաքինված մարդկանց։
«Այս պահին մանրակրկիտ ուսումնասիրություններ են իրականացվում՝ հասկանալու համար, թե բացի տարածման ակտիվությունից, ինչ այլ առանձնահատկություններ ունի այս նոր շտամը», – այսօրվա ասուլիսին հայտարարել է Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Եվրոպան ավելի վաղ դադարեցրել է օդային կապը Աֆրիկայի հարավային շրջանների հետ, Ամերիկան և Ավստրալիան՝ արգելել հարավաֆրիկացիները մուտքը իրենց երկիր։ Նույնը մտադիր է անել նաև Հայաստանը․ առողջապահության նախարարի փոխանցմամբ, այսօր միջգերատեսչական հանձնաժողովի նիստ կգումարվի, օրվա ավարտին արդեն կունենան սահմանափակումների նոր կազմը։
Օբյեկտներ․ մուտքը՝ միայն պատվաստվածների և թեստավորվածների համար
«Հունվարի 1-ից հանրային սննդի վայրերի, մշակութային միջոցառումների, համերգների և այլ հանրային միջոցառումների մուտքը լինելու է միայն ՊՇՌ բացասական թեստով կամ պատվաստված լինելու սերտիֆիկատով», – տեղեկացրել է նախարարը։
Քովիդից մահացածներից միայն 23-ն են պատվաստված եղել
Նոյեմբերի 28-ի դրությամբ Հայաստանում կատարվել է 1 217 391 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 781 011, երկրորդ դեղաչափ՝ 436 380 (մեծահասակ բնակչության 21․8 տոկոսը):
Անահիտ Ավանեսյանի փոխանցմամբ՝ առողջական խնդիրների հետ կապված բողոքներ ունեցել են պատվաստվածներից միայն 79-ը։
79 ահազանգերից ավելի քան 40-ը կապված են եղել հենց քովիդի հետ․ պարզվել է, որ քաղաքացիները չեն իմացել, որ վարակված են կորոնավիրուսով, պատվաստվել են, հետագայում ի հայտ են եկել քովիդ-հիվանդության սիմպտոմբերը։
Վարակվածների համար պատվաստվելու որևէ հակացուցում, ըստ նախարարի, չկա․ եթե քաղաքացին վարակված ժամանակ պատվաստվել է, հավելյալ որևէ խնդիր դա առաջացնել չի կարող։
Մնացած փոքրաթիվ ահազանգները կապված են եղել որոշակի ալերգիկ ռեակցիաների կամ այլ սիմպտոմատիկ բողոքներ հետ։ Ավանեսյանի հավաստիացմամբ՝ դրանք բոլորը մանրակրկիտ ձևով քննվել են, ում անհրաժեշտ է եղել՝ տրամադրվել է սիմպտոմակիտ բուժօգնություն, որևէ խնդիր այս առումով չի եղել։
Պատվաստված քաղաքացիների շրջանում, ըստ նախարարի, գրանցել է քովիդից մահվան 23 դեպք․ մահացածների միջին տարիքը 75 բարձր էր, բոլորը՝ ուղեկցող քրոնիկ հիվանդություններով (շաքարային դիաբետ, չարորակ նորագոյություններ, սրտի իշեմիկ հիվանդություններ, լյարդի ցերոզ, հիպերտենզիա, զարկերակային գերճնշում)։
«Նման հիվանդություններ ունեցող քաղաքացիները առավել ծանր են տանում քովիդն և շատ ավելի մեծ ռիսկ են կրում վատ ելքով ավարտվելու։ Տարեցների դեպքում չպատվաստված քաղաքացիների ծանր ընթացքը և մահվան դեպքերը շատ ավելի ակնառու են», – նշել է նախարարը՝ հավելելով՝ պատվաստումները իսկապես տասնյակ անգամներ իջեցնում են հիվանդությունը ծանր տանելու ռիսկը։
Հայաստանում ներկայումս կիրառվում է կորոնավիրուսի դեմ հինգ տեսակի պատվաստանյութ՝ ռուսական «Սպուտնիկ Վի», բրիտանա-շվեդական «ԱստրաԶենեկա», չինական «Կորոնավակ» ու «Սինոֆարմ» և ամերիկյան «Մոդեռնա»։
Վարակի տարածման տեմպերը նվազել են, մահվան դեպքերը՝ դեռ ոչ
Վերջին շաբաթների ընթացքում էականորեն նվազել է վարկավածության ցուցանիշը։ Օրական գրանցվող մահերի դեպքերը, սակայն, մնում են բավականին բարձր։
«Քովիդով պայմանավորված ալիքի նվազման ժամանակ մահերի ցուցանիշը նվազում է երկու-երեք շաբաթ հետո միայն», – մեկնաբանել է առողջապագության նապարարը՝ առաջիկայում կնվազեն նաև մահվան դեպքերը։