Մայիսի 1-ից Հայաստանի տարածք մուտք գործելու սահմանափակումները կվերացվեն. ՊՇՌ կամ արագ ախտորոշիչ թեստի սերտիֆիկատ այլևս չի պահանջվի, կառավարության այսօրվա նիստին հայտնել առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։
Աշխատավայրում 7 օրը մեկ ՊՇՌ հետազոտության թեստ կամ կորոնավիրուսի դեմ պատվաստման սերտիֆիկատ ներկայացնելու պահանջը, ինչպես նաև դպրոցներում, մանկապարտեզներում և այլ վայրերում միջոցառումների ժամանակ 1.5 մետր պահպանելու արգելքը ևս հանվել են:
Բացի այդ, հանվել են քրեակատարողական հիմնարկներում, նաև ՊՆ ԶՈՒ-ում սահմանափակումները. արձակուրդ մեկնելիս կամ տեսակցությունների ժամանակ այլևս թեստ հանձնելու կամ պատվաստման սերտիֆիկատը ներկայացնելու կարիք չի լինի։
Այս բոլոր սահմանափակումների վերացումը, ըստ նախարարի, կապված է Հայաստանում ու ամբողջ աշխարհում քովիդով վարակման, ինչպես նաև քովիդից մահվան տեմպերի նվազման հետ։
«Վերջին 14 օրվա ընթացքում արձանագրվել է հիվանդության ընդամենը 144 դեպք, ինչը նախորդ նույն ժամանակահատվածի համեմատ նվազել է 32 տոկոսով, երեկ գրանցվել է ընդամենը 3 դեպք։ Վերջին ամսվա ընթացքում նկատվում է նա մահվան դեպքերի կտրուկ նվազում, և 14 օրերի ընթացքում մենք ընդամենը 1 մահ ենք ունեցել; Հաշվի առնելով այս կայուն իրավիճակը և նաև աշխարհով համավարակի նվազման տեմպերը՝ որոշում ենք կայացրել որոշ սահմանափակումներ հանել․․․», – ասել է Ավանեսյանը։
Հիշեցնենք՝ այսօր ժամը 11։00-ի դրությամբ՝ վերջին 24 ժամվա ընթացքում գրանցվել է քովիդով վարակման 3 նոր դեպք 2546 թեստավորում (0.11%): Ապաքինվել է 216 մարդ, մահվան դեպք չի արձանագրվել։ Փաստացի բուժվում է 1739 պացիենտ։ Ընդհանուր առմամբ մինչ օրս երկրում մահացել է կորոնավիրուսով վարակված 10305 մարդ, որից 8622-ը՝ քովիդից, իսկ 1683-ը, ըստ ԱՆ-ի, «այլ պատճառներով»։
Ապրիլի 25-ի տվյալներով՝ Հայաստանում կատարվել է քովիդի դեմ 2 164 083 պատվաստում, որից 1 124 381-ը՝ առաջին, իսկ 992 195-ը՝ երկրորդ դեղաչափ։ Այսինքն՝ երկրորդ դեղաչափ դեռ պետք է ստանա 132 186 մարդ։ Եվս 44 175 հոգի ստացել է պատվաստանյութի երրորդ խթանիչ դեղաչափը։