Կառավարությունը հաստատում է՝ Լեո-Պարոնյան խաչմերուկում տեղի ունեցած վրաերթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը եղել է շարասյան մեքենաներից մեկում։
28-ամյա հղի կնոջ մահվանից շուրջ 14 ժամ անց՝ ապրիլի 27-ին, վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հայտարարել է՝ վրաերթի պահին վարչապետի ավտոմեքենան եղել է մոտավորապես 100-150 մետր հեռավորության վրա, Փաշինյանը տեղյակ չի եղել, թե ինչ է կատարվել:
«Բուն վրաերթի պահին վարչապետի ավտոմեքենան եղել է դեպքի վայրից մոտավորապես 100-150 մետր հեռավորության վրա: Վրաերթի պահը նրա մեքենայի միջից չի երեւացել ու չէր կարող երեւալ: Վարչապետի ավտոմեքենան դեպքի վայրով անցել է տեղի ունեցածից ինչ-որ վայրկյաններ անց: Այսինքն՝ բուն վրաերթից 150 մետրը անցնելու համար անհրաժեշտ վայրկյանների ընթացքում վարչապետը տեղյակ չի եղել եւ չէր կարող տեղեկանալ, թե կոնկրետ ինչ է կատարվել: Վրաերթի վայրի մոտով անցնելիս նկատելով ընկած կնոջը՝ վարչապետը հրահանգել է Շտապ օգնություն կանչել եւ պարզել ինչ է տեղի ունեցել: Շտապ օգնությունը ժամանել է րոպեներ անց: Այն մասին, որ տեղի է ունեցել վրաերթ՝ ՃՈ ուղեկցող գումարտակի ավտոմեքենայի կողմից, վարչապետը իրազեկվել է Ազգային ժողով հասնելուն պես, որից հետո համապատասխան հրահանգներ է տվել առողջապահության նախարարին եւ իրավապահներին», – ասված է Չախոյանի հրապարակած պարզաբանման մեջ։:
Պատասխանելով հարցին, թե ինչու վարչապետին ուղերցող ՃՈ մեքենաներից և ոչ մեկը կանգ չէ առնել՝ կնոջը օգնություն ցուցաբերելու համար, Չախոյանը հայտարարել է՝ «այդ դեպքում կանգ կառներ ամբողջ շարասյունը՝ փակելով փողոցի ամբողջ երթևեկությունը և լրացուցիչ խցանումներ առաջացնելով նաև հարակից փողոցներում, այսպիսով խոչընդոտելով Շտապօգնության մեքենայի մոտենալուն»:
Դեպքից հետո, ըստ աշխատակազմի ղեկավարի տեղակալի, Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել վրաերթի ենթարկված Սոնա Մնացականյանի հայրիկի հետ, ցավակցություն հայտնել և երաշխավորել, որ տեղի կունենա դեպքի օբյեկտիվ քննություն: