Ոստիկանության ՃՈ ծառայության ուղեկցող սպայական վաշտի հրամանատարն իր կողմից վարած «Տոյոտա Պրադո» ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել 28-ամյա հղի կնոջը․ վերջինս տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ, որտեղ գիտակցության չգալով՝ մահացել է:
ՔԿ հաղորդմամբ՝ վարորդը թողել է պատահարի վայրը և հեռացել, սակայն ժամը 20:05-ին վերադարձել է դեպքի վայր և մասնակցել քննչական գործողություններին: Վերջինս ձերբակալվել է:
«Նաիրի» ԲԿ-ի տնօրեն Անատոլի Գնունու փոխանցմամբ՝ հղի կնոջ կյանքը փրկել չի հաջողվել։
«Իրեն բերել էին արդեն մահացած, սրտի կանգով, շնչառության կանգով: Մենք ուղղակի անմիջապես սկսել ենք ռեանիմացիոն գործողությունները՝ սիրտ-թոքային վերակենդանացումը, որը տևել է մեկուկես ժամ: Դրա հետ մեկտեղ ստուգել ենք պտղի ողջ լինելը, քանի որ կինը հղի էր: Պտղի բաբախը բացակայում էր, դա նշանակում է՝ պտուղն էլ էր մահացած: Եւ մեկուկես ժամ անց դադարեցրել ենք գործողությունները ապարդյուն լինելու պատճառով», – ասել է բուժհաստատության տնօրենը։
Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ կնոջը վրաերթի է ենթարկել Նիկոլ Փաշինյանին ուղեկցող մեքենաներից մեկը։ Պատահարից հետո շարասյան մեքենաներից ոչ մեկը կանգ չի առել։