ԶՈՒ Գլխավոր շտաբի պետը կդառնա պաշտպանության նախարարի առաջին տեղակալ: Փոփոխությունը իրենից ենթադրում է, որ շտաբի պետը ենթարկվելու է նախարարին և «չի հանդիսանալու նախարարին փոխարինող անձ»։ Գլխավոր շտաբը գնումների գործընթացով այլևս չի զբաղվի (ԶՈւ կարիքները կհոգա պաշտպանության նախարարությունը):
Կառավարությունն այսօր հավանություն տվեց «Պաշտպանության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու նախաձեռնությանը։ Նախագիծը կքննարկվի նաև ԱԺ-ում։
«Խոսքը վերաբերում է ոչ միայն գնման գործընթացին, այլ ողջ ապահովման մասին է, ըստ էության, կարող ենք ասել՝ ԶՈՒ-ն պիտի զբաղվի միայն մեկ գործով՝ պաշտպանել ՀՀ սահմանները, զբաղվել մարտական պատրաստությամբ։ Մնացած խնդիրները պիտի իրականացվեն ՊՆ այլ վարչությունների կողմից»,- պարզաբանել է պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։
Հայաստանի Սահմանադրությամբ Զինված ուժերի զինվորական ամենաբարձր պաշտոնյան գլխավոր շտաբի պետն է։ Այնուամենայնիվ, մինչ օրս Հայաստանը չունի գլխավոր շտաբի պետ։
Հիշեցնենք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի վերջին պետ Արտակ Դավթյանը փետրվարի 24-ին ազատվել էր պաշտոնից։ Դավթյանը քննվում է «Հին հրթիռների» քրեական գործով և մեղադրվում պաշտոնեական դիրքի չարաշահման մեջ։
Այս գործով են անցնում նաև ՊՆ նախկին նախարար, «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» կարգախոսի հեղինակ Դավիթ Տոնոյանը, ով կալանավորվել է անցյալ տարվա սեպտեմբերի 30-ին և հրթիռները ՊՆ-ին մատակարարած ընկերության ղեկավար Դավիթ Գալստյանը, ով այժմ ևս կալանավորված է։
Արտակ Դավթյանը ԶՈՒ ԳՇ պետի պաշտոնը զբաղեցնում էր 2021 թվականի մարտից։ Դրանից առաջ՝ 2020-ի նոյեմբերի 11-ին ազատվել էր ռազմարդյունաբերության կոմիտեի նախագահի պաշտոնից, որում նշանակվել էր հուլիսին՝ (համավարակի օրոք որդու համար ճոխ հարսանիք անելուց հետո) ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնից հեռացվելուց մեկ ամիս անց։
Մեկ տարի առաջ էլ գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը պաշտոնանկ էր արվել, երբ նա և ևս 40 բարձրաստիճան զինվորականներ պահանջել էին վարչապետի հրաժարականը։ Նիկոլ Փաշինյանը այն ժամանակ սա զինված հեղաշրջման փորձ էր համարել։