Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը դիմել է Ազգային ժողով՝ ընդդիմադիր պատգամավորների երեկվա «ակցիայի» առթիվ էթիկայի հանձնաժողով ստեղծելու համար։
Հունիսի 8-ին պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Աննա Մկրտչյանը և Ասպրամ Կրպեյանը ներխուժել էին Առողջապահության նախարարություն, մտել նիստերի սենյակ և Անահիտ Ավանեսյանի վրա շպրտել պատերազմում զոհվածների աճյունների և մասունքների լուսանկարները: Ասելիքը հետևյալն էր․ «Դուք հերիք չի՝ էսքանից հետո խոսում եք, մի բան էլ ոստիկանությանը պաշտպանում եք։ Ձեր փոխարեն մարդ ամոթ ունենար, չէր կարողանա աչքերը թարթել։ Էս տղերքի նկարները ձեր երազին ամեն օր պիտի գան։ Ես չգիտեմ՝ էսքանից հետո Դուք ոնց եք ապրում։ Ամոթ Ձեզ»։ Արտահայտվելուց անմիջապես հետո պատգամավորները հեռացել էին։
«Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ․․․Նորից եմ կրկնում երեկվա ասածս՝ խուլիգանական դրսևորումները պետք է ոստիկանության և այլ ուժային կառույցների կողմից օրենքով սահմանված կարգով խստորեն կասեցվեն և պատժվեն՝ Հայաստանը օրենքի երկիր է», – միջադեպից հետո գրել էր նախարարը։
«Ազգային ժողովը բաց է, 2021 թ․-ի ընտրությունների արդյունքում ընտրվել են պատգամավորներ, նրանք պարտավոր են գալ իրենց աշխատանքի վայր և ունեն բոլոր հնարավորությունները, հարթակները՝ հանդիպելու նախարարի հետ, ուղղելու հարցեր, քննադատություն և այլն։ Բայց, չգիտես ինչու, օրենքով սահմանված, քաղաքակիրթ երկրներին բնորոշ հարթակները թողած՝ անձինք ոչ թե հանդիպում են ուզում, այլ ուղղակի բեմականացված, գռեհիկ շոուներ», – Կառավարության այսօրվա նիստին հաջորդած ճեպազրույցում ասել է նախարարը։