Երեկ՝ օգոստոսի 31-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն իր տեսաուղերձում կրկին պաշտպանել է Աֆղանստանից զորքերի դուրսբերման և այդ դուրսբերումը չհետաձգելու որոշումը և ազդարարել՝ պատերազմն Աֆղանստանում ավարտված է։
«Ես չէի պատրաստվում երկարաձգել այս անվերջ պատերազմը և ես չէի երկարաձգելու դուրսբերման անվերջ գործընթացը», – ասել է նախագահը՝ շուրջ կես ժամ տևած ելույթում։
Բայդենը չի զլացել հիշեցնել, որ ամերիկյան զորքերի դուրսբերման շուրջ Դոհայում թալիբների հետ համաձայնագիր էր ստորագրել ԱՄՆ նախորդ նախագահ Դոնալդ Թրամփը, որտեղ վերջնաժամկետ էր սահմանված մայիսի 1-ը։
Պաշտոնյան նաև նշել է, որ ԱՄՆ-ն ի սկզբանե Աֆղանստան էր ներխուժել ոչ ժողովրդավարություն հաստատելու, այլ 2011 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչությունից հետո, քանի որ տեռակտի հետևում կանգնած «Ալ-Քաեդա» խմբավորումն ու դրա ղեկավար Օսամա Բին Լադենը Աֆղանստանում էին։ Բին Լադենը, հիշեցրել է դեմոկրատ նախագահը, սպանվել է 2011 թվականին։
Բայդենի պնդմամբ՝ ԱՄՆ-ն, սեփական պաշտպանությունից զատ, Աֆղանստանի հետ կապված որևէ շահ չունի, և այդպիսով ներխուժման պատճառը ոչ թե թալիբներին մատնելն էր, այլ ամերիկյան հողն ահաբեկչությունից պաշտպանելը։
«Մենք մեր մտադրությունն Աֆղանստանում իրագործեցինք ավելի քան մեկ տասնամյակ առաջ, և մնացինք այնտեղ ևս մի տասնամյակ։ Ժամանակն էր ավարտել այս պատերազմը։ Սա նոր աշխարհ է։ Ահաբեկչության սպառնալիքը տարածվել է աշխարհով մեկ՝ Աֆղանստանից շատ ավելի անդին․․․», – պնդել է նախագահը՝ հիշատակելով Սոմալիում «Էլ-Շաբաբ» խմբավորման, Սիրիայում և այլուր «Ալ-Քաեդայի» և ԻԼԻՊ-ի մասին։
Բայդենը ասել է նաև, որ աշխարհը փոխվում է, և կարիք կա փոխելու ամերիկյան ռազմավարությունն ու «սովորելու սխալներից»։
«․․․Նախ՝ մենք պետք է ստեղծենք առաքելություններ, [որոնք ունեն] հստակ, հասանելի նպատակներ, այլ ոչ թե այնպիսիք, որոնց երբեք չենք հասնի։ Եվ երկրորդ՝ մենք պիտի հստակորեն կենտրոնացած մնանք ԱՄՆ ազգային անվանգային շահերի վրա։ Աֆղանստանի մասին այս որոշումը միայն Աֆղանստանի մասին չէ։ Այն այլ երկրներ վերակառուցելու համար [իրագործվող] լայնածավալ ռազմական գործողությունների դարաշրջանն ավարտելու մասին է»,- նշել է պաշտոնյան և հայտարարել՝ Աֆղանստանում պատերազմն այլևս ավարտված է։
«Մենք երկու ընտրություն ունեինք՝ հետևել նախորդ վարչակազմի [կնքած] համաձայնագրին և երկարաձգել, որ ավելի շատ ժամանակ ունենանք տարհանման համար կամ հազարավոր նոր զորքեր ուղարկել և էսկալացնել պատերազմը»։
Ելույթի վերջում Բայդենը նշել է, որ վերջին 20 տարվա ընթացքում Աֆղանստանի պատերազմի վրա ԱՄՆ հարկատուները ծախսել են 2 տրիլիան դոլար, ինչը կազմում է օրական մոտ 300 միլիոն դոլար։
ԱՄՆ նախագահի հրապարակած տվյալներով՝ պատերազմի ողջ ընթացքում Աֆղանստանում ծառայել է 800 000 ամերիկացի զինվոր, վիրավորվել 20 744-ը, զոհվել 2461-ը, որոնցից 13-ը՝ վերջին մեկ շաբաթվա ընթացքում։
Երեկվա տվյալներով՝ Աֆղանստանում մնացել է 100-200 ամերիկացի, որոնց մի մասը ցանկանում է հեռանալ, իսկ մյուս մասը՝ մեծամասամբ երկքաղաքացիներ, որոշել է մնալ։ Վերջինների համար, ըստ Բայդենի, վերադառնալու ցանկություն հայտնելու «վերջնաժամկետ չկա»։ ԱՄՆ-ն, նախագահի պնդմամբ, կապահովի նրանց անվտանգ տարհանումը։