Երեկ Իրան-Աֆղանստան սահմանին բախումներ են տեղի ունեցել «Թալիբանի» և Իրանի զինուժերի միջև։
Ըստ իրանական լրատվամիջոցների, թալիբները կրակ են բացել իրանցի ֆերմերների վրա՝ կարծելով, թե վերջիններս հատել են սահմանը, Իրանի սահմանապահներն էլ հետադարձ կրակ են արձակել:
Իրանական Tasnim լրատվամիջոցը հրապարակել է տեսանյութեր, որտեղ երևում է՝ ինչպես են թալիբ զինվորականները մոբիլիզացվում և առաջանում դեպի իրանական կայազոր։ Որոշ հաղորդումներում ասվում է, որ թալիբները գրավել են սահմանային անցակետեր։ Tasnim-ը հերքել է որևէ օբյեկտի գրավումը և պնդել, որ «հրապարակված կադրերի մեծ մասը մարտական գործողությունների սկզբում են եղել, և սահմանապահ ուժերն այժմ լիովին վերահսկում են երկրի սահմանները»:
Ավելի ուշ, Իրանի արտգործնախարարության խոսնակը հայտարարել է, որ մարտերի պատճառ է դարձել «սահմանամերձ բնակիչների միջև թյուրիմացությունը»՝ չհիշատակելով թալիբներին:
Թեև Իրանի կառավարությունը ընդհանուր առմամբ լավ հարաբերություններ է ունեցել թալիբների հետ, սահմանակետերը, որտեղով ամեն օր անցնում են հազարավոր փախստականներ, շարունակում են լարված մնալ։
Իրանը մինչ օրս պաշտոնապես չի ճանաչել թալիբների իշխանությունը՝ հարևան Աֆղանստանում օգոստոսին վերջիններիս կողմից վերահսկողություն հաստատելուց հետո: Իրանցի պաշտոնյաները բազմիցս ասել են, որ ճանաչումը կախված կլինի ներառական կառավարության ձևավորումից։