Հոնդուրասի նախագահական ընտրություններում, ըստ նախնական տվյալների, ձախական «Ազատ» կուսակցության թեկնածուն գրեթե 20 տոկոս առավելությամբ հաղթել է աջական «Ազգային» կուսակցությանը․ առաջիկա 4 տարիներին երկիրը կղեկավարի Քսիոմարա Կաստրոն՝ Հոնդուրասի առաջին կին նախագահը։
Ընտրություններից երեք օր անց քվեարկության արդյունքները դեռ չեն հրապարակվել։ Իշխող «Ազգային» կուսակցությունը, սակայն, իր պարտությունն արդեն ընդունել է։
Քսիոմարա Կաստրոյի հաղթանակը վերջ կդնի «Ազգային»-ականների 12 տարի տևած իշխանությանը՝ հարուստ սկանդալներով, կոռուպցիոն մեղադրանքներով ու տնտեսական ճգնաժամներով։
Նախկին նախագահ Խուան Օրլանդո Հերնանդեսը մեղադրվում էր թմրանյութերի առք ու վաճառքի մեջ՝ այն բանից հետո, երբ նրա եղբայրը թրաֆիքինգի համար ձերբակալվեց Միացյալ Նահանգներում։
Նորընտիր նախագահի հիմնական խոստումներից էր՝ «հանել Հոնդուրասը նարկոդիկտատուրայի ու կոռուպցիայի անդունդից»։
Մինչև 1980-ականներ Հոնդուրասում իշխում էին զինվորականները, որոնք օգնում էին ԱՄՆ-ին՝ կասեցնել տարածաշրջանի հեղափոխական շարժումները։
Հոնդուրասը մինչ այժմ համարվում է Կենտրոնական Ամերիկայի ամենաթերզարգացած և ամենաանկայուն երկրներից մեկը, ինչը հիմնականում բացատրվում է ռազմականների իշխանությամբ, համակարգային կոռուպցիայով և կազմակերպված հանցավորությամբ։ Երկիրը հայտնի է նաև աշխարհում սպանությունների (մեկ շնչի հաշվով) ամենաբարձր ցուցանիշով։ Բնակչության գրեթե կեսն ապրում է ծայրահեղ աղքատության մեջ։