Անկարան փորձում է հասնել Ուկրաինայի նավահանգիստներում մնացած հացահատիկի պաշարները դուրս հանելու և միջազգային շուկա հասցնելու խնդրի լուծմանը: Սև ծովով «հացահատիկային միջանցքի» ապահովումը Լավրով-Չավուշօղլու այսօրվա բանակցությունների հիմնական, չնայած ոչ միակ թեման էր։
Ռուսաստանի նախաձեռնած պատերազմից հետո սևծովյան նավահանգիստներից ուկրաինական ցորենի արտահանումը դադարել է, ըստ պաշտոնական տվյալների՝ պահեստներում է մնացել ավելի քան 20 մլն տոննա հացահատիկ։ Ռուսաստանն ու Ուկրաինան արտադրում են աշխարհի ցորենի գրեթե մեկ երրորդը, Ռուսաստանը համարվում է նաև պարարտանյութի, իսկ Ուկրաինան՝ եգիպտացորենի ու բուսական ձեթի խոշոր արտահանող: Ուկրաինայից պարենի արտահանումը խափանվել է լայնամասշտաբ պատերազմի և ռուսական բլոկադայի, իսկ Ռուսաստանից՝ պատժամիջոցների պատճառով։ ՄԱԿ-ի գնահատմամբ՝ աշխարհի մի շարք հատվածներով սով է սպասվում, մյուս հատվածներում՝ սննդամթերքի կտրուկ գնաճ։
Տե՛ս նաև՝ Ռուսաստանի պատերազմի տնտեսական հետևանքները․ պարենի դեֆիցիտ ու գնաճ
ՄԱԿ-ն ավելի վաղ առաջարկել է, որ Թուրքիան, Ռուսաստանը և Ուկրաինան այս հարցի լուծման համար համագործակցության մեխանիզմ մշակեն:
Դռնփակ բանակցություններին հաջորդած ասուլիսին Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Ռուսաստանը և Ուկրաինան նույնպես կընդունեն ՄԱԿ-ի առաջարկը։ Թուրքիան պատրաստ է Ստամբուլում մանրամասները քննարկելու համար հանդիպում կազմակերպել։
«Ուկրաինական հացահատիկը և բուսայուղը միջազգային շուկա արտահանելու հնարավորության դիմաց Ռուսաստանն էլ ուզում է, որ իր արտադրանքի արտահանման արգելքները չեղարկվեն», – ասել է Չավուշօղլուն։ Ռուսական կողմի այս պահանջը նա արդարացի է համարել։
Սերգեյ Լավրովն էլ հայտարարել է, թե Ուկրաինայում արտադրվող հացահատիկի մասնաբաժինը չի գերազանցում համաշխարհային արտադրության 1 տոկոսը, ուստի՝ արտահանման հետ կապված խնդիրները «համաշխարհային պարենային անվտանգության վրա որևէ կերպ չեն ազդում»։
Ուկրաինական կողմը, ըստ նրա, պետք է ականազերծի նավահանգիստներ տանող անցումները և միջանցքներ բացի․ Ռուսաստանը պատրաստ է դրա դիմաց երաշխիքներ տալ, որ Կիևի այդ քայլը չի օգտագործի պատերազմի ընթացքում:
Ըստ Լավրովի, Մոսկվան ուկրաինական ցորենը չի գողանում
— Հացահատիկից բացի՝ Ուկրաինայից գողացված էլ ի՞նչն է Ռուսաստանը հաջողացրել վաճառել, – ասուլիսի վերջում Լավրովին հարցրել է Ուկրաինայի հանրային հեռուստաընկերության լրագրողը։
— Դուք կարծում եք․․․ Ձեր գլուխը ցավում է, թե ո՞նց մի բան գողանալ։ Եվ մտածում եք, թե բոլորն են այդպես վարվո՞ւմ։ Ես պատասխանում եմ ձեզ․ մենք զբաղված ենք նպատակների իրագործմամբ, որոնք հրապարակավ ձևակերպվել են, այն է՝ ազատագրել Ուկրաինայի արևելքը նեոնացիստական ռեժիմի ճնշումներից, – պատասխանել է ռուսաստանցի դիվանագետը։
Թուրքիան զեղչեր է կորզել
Թուրքիայի գյուղատնտեսության նախարար Վահիտ Քիրիշչին ավելի վաղ հայտարարել էր, Սև ծովով «հացահատիկային միջանցքի» ապահովումը 80-90 տոկոսով համաձայնեցվել է: Ուկրաինան, ըստ նրա, շարունակում է մտահոգություն հայտնել, որ նավահանգստի ականազերծումը կարող է հանգեցնել ռուսական ծովուժերի հետագա հարձակումների։
«Ուկրաինան, սակայն, համաձայնել է մեզ հացահատիկի 25-տոկոսանով զեղչ տրամադրել, եթե գործարքն այնուամենայնիվ կայացվի», – ասել է Քիրիշչին։
Թուրք զինվորականները համաձայնել են զբաղվել ծովային ականների վնասազերծմամբ և Օդեսսայի մոտ ապահովել հացահատիկով բեռնված նավերի անվտանգությունը։
Anadolu գործակալության փոխանցմամբ, հացահատիկային օպերացիաները վերահսկելու համար Ստամբուլում հրամանատարական կենտրոն կստեղծվի։
Այլ հարցեր
Ռուսաստանի և Թուրքիայի արտգործնախարարների՝ Անկարայում այսօր տեղի ունեցած բանակցույթունների ընթացքում այլ հարցեր էլ են քննարկվել։ Ըստ պաշտոնական հաղորդումների՝ անդրադարձ է կատարվել նաև Հարավային Կովկասում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, Կենտրոնական Ասիայում և Սևծովյան տարածաշրջանում իրավիճակներին։
Տե՛ս՝ Թուրքիան ու Ռուսաստանը ճշտվում են իրենց պատերազմների շուրջ
«Մենք քննարկել են «3+3» ձևաչափով համագործակցությունը, ինչպես նաև հայ-թուրքական և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացները: Շնորհակալ ենք այս հարցում Ռուսաստանի աջակցության համար», – բանակցություններից հետո ասել Մևլյութ Չավուշօղլուն:
Ռուսաստանի արտգործնախարարն էլ տեղեկացրել է, որ «3+3» (Ռուսաստան-Թուրքիա-Իրան և Հայաստան-Ադրբեջան-Վրաստ) ձևաչափով հաջորդ հանդիպումը կկայանա մոտ ապագայում։
Արդեն երեկոյան Լավրովը երկօրյա այցով ժամանել է Երևան՝ կհանդիպի արտգործնախարարի, վարչապետի ու նախագահի հետ։