Home / Ոստիկանություն / Կնոջ դեմքի աղավաղման պատվիրատուն սիգարետ է գողացել․ ՔԿ

Կնոջ դեմքի աղավաղման պատվիրատուն սիգարետ է գողացել․ ՔԿ

Քննչական կոմիտեն պնդում է, որ 32-ամյա շիրակցի տղամարդը գումարի դիմաց՝ Վաղարշապատ քաղաքի 42-ամյա բնակչի պատվերով, փորձել է ծծմբական թթու լցնել վերջինիս կնոջ՝ Վաղարշապատի 41-ամյա բնակչուհու դեմքին։ Պատվերով հարձումն, ըստ իրավապահների, կազմակերպվել է Վաղարշապատի 43-ամյա բնակչի կողմից։

Կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն, պատվերը կատարելու նպատակով 32-ամյա տղամարդը 2022թ. հոկտեմբերին մի քանի անգամ գնացել է 41-ամյա կնոջ բնակության վայր, բայց «հանցավոր արարքն իրագործել չի կարողացել, մի դեպքում կնոջ՝ տանը չլինելու պատճառով, մյուս դեպքում՝ քանի որ ձերբակալվել է ոստիկանության աշխատակիցների կողմից»:

Անձնական խուզարկությամբ նրա մոտ հայտնաբերվել է ծծմբական թթվով լցված ներարկիչ։

32-ամյա տղամարդուն մեղադրանք է ներկայացվել Քրեական օրենսգրքի 43-166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ, 7-րդ և 9-րդ կետերով՝ առողջական ծանր վնաս պատճառելուն ուղղված հանցագործության նախապատրաստման համար։ Տղամարդը կալանավորվել է։

Վաղարշապատ քաղաքի 42-ամյա բնակչին էլ մեղադրանք է ներկայացվել «մերձավոր ազգական հանդիսացող կնոջը ծանր մարմնական վնասված հասցնելու փորձի կազմակերպման և միջնորդության» համար, իսկ 43-ամյա բնակչին՝ «այդ հանցավոր արարքի կատարումը պատվիրելու» համար։ Նրանց կալանավորելու միջնորդությունը դատարանը մերջել է։

Իրավապահները հավաստիացնում են, որ կնոջ ամուսնուն՝ 43-ամյա տղամարդուն, ավելի ուշ մեղադրանք է առաջադրել նաև խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության համար։

«Նշված քրեական վարույթին միացված այլ վարույթներով քննության առարկա են նաև մի քանի այլ հանցագործությունների՝  ավտոմեքենայի հրկիզման փորձ կատարելու, խոշոր չափերով թմրամիջոցի ապօրինի շրջանառության և իրացման, Վաղարշապատի մթերային խանութներից մեկից մի քանի տուփ ծխախոտի հափշտակության դեպքեր», – հավելել է Քննչական կոմիտեն։

Ըստ ՔԿ-ի, վերոհիշյալ վարույթներով նախաքննությունը շարունակվում է։