2019 թվականի ձմեռային զորակոչի ժամանակ Ա․Պ․-ն ճանաչվել է սահմանափակումներով պիտանի ծառայության համար։ ԿԲՀ-ն (Կենտրոնական բժշկական հանձնաժողով) զորակոչիկին փորձաքննել է առողջական խնդիրներից միայն մեկով, մինչդեռ պարտավոր էր իրականացնել առողջական վիճակի լրիվ և օբյեկտիվ փորձաքննություն՝ բոլոր առողջական խնդիրների հիմքով։
Հանձնաժողովի կողմից նախորդ նմանատիպ իրավախախտման արձանագրված դեպքի մասին կարդացեք Զորակոչիկը ճիշտ էր, որ բանակ չգնաց տեքստում։
Ի տարբերություն 2019-ի ախտորոշման՝ 2018-ին Ա․Պ․-ն անցել է առողջական վիճակի ամբողջական և օբյեկտիվ հետազոտություն, ինչի արդյունքում էլ նրան տրվել էր տարկետում մինչև մեկ տարի ժամկետով։ Հաջորդ տարում, ունենալով նույն առողջական խնդիրները, ԿԲՀ-ն նրան ճանաչել է սահմանափակումներով պիտանի զինվորական ծառայության համար։ Քանի որ ախտորոշումը չի եղել օբյեկտիվ, Ա․Պ․-ն ստիպված չի ներկայացել զորակոչին։ Հակառակ դեպքում նա, առողջական խնդիրներով հանդերձ, կզորակոչվեր, ինչը անկանխատեսելի հետևանքներ կարող էր ունենալ։
Ա․ Պ․ -ի իրավունքների պաշտպանությունը ստանձնել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը (ՀՔԱՎ)։ Դատարան ներկայացված հայցադիմումով փաստաբանը խնդրել է անվավեր ճանաչել ԿԲՀ-ի եզրակացությունը։ Դատարանը բավարարել է հայցվորի պահանջն, արձանագրելով, որ եզրակացությունը տրվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի, իրավական այլ ակտերի և վարչարարության այնպիսի հիմնարար սկզբունքի խախտմամբ, ինչպիսին է վարչարարության օրինականության սկզբունքը։
ՀՔԱՎ-ի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ առնվազն վերջին 5 տարիների ընթացքում Զինված ուժերում մահվան դեպքերի 20-25 %-ը առողջական խնդիրների հետևանքով է։ Պատճառներից մեկն առողջական խնդիրներով անձանց զորակոչելն է։ Զորակոչի ենթակա անձինք չեն ենթարկվում առողջական վիճակի լրիվ և օբյեկտիվ հետազոտման, այնուհետև՝ իրավաչափ բժշկական փորձաքննության։