Հայաստանի Հանրապետությունը խախտել է 12 տարի առաջ Վանաձորի ՁՊՎ-ում մահացած կալանավորի կյանքի իրավունքը՝ վճռել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանը։
Ս․ Ոսկանյանը ձերբակալվել է 2010 թվականի հոկտեմբերի 7-ին՝ սպանության և զինված հարձակման կասկածանքով։ Նրան տեղափոխվել են Վանաձորի ՁՊՎ։ Արդեն հոկտեմբերի 18-ին նա սկսել է բողոքել ձախ սրունքի ցավերից, դիմել է բժշկին, տեղեկացրել է, որ ինքն իրեն թուք է ներարկել։
Կալանավայրի բժիշկ Մ․-ն հետագայում արձանագրել է, որ նրա վնասվածքը թարախակալում է, և վիրակապ է դրել։ Բորբոքային պրոցեսը խորացել է։ Արդեն հոկտեմբերի 21-ին նույն բժիշկը դիմել է ՁՊՎ-ի պետին՝ տեղեկացնելով, որ կալանավորի վերքից արյուն և թարախ է հոսում։ Վերքը մաքրել են, նոր վիրակապ են դրել։ Բժիշկը զգուշացրել է, որ իրավիճակը կարող է վատթարանալ, կա վտանգ, որ բորբոքային պրոցեսը կտարածվի։ Կալանավայր է հրավիրվել քաղաքացիական հիվանդանոցի վիրաբույժ Ա․-ն։ Վերջինս, ըստ էության, ոչինչ չի արել․ նրա այցի արձանագրության մեջ նշվում է՝ «համաձայն եմ [ընթացող] բուժման հետ»։
Մի քանի օր անց՝ 2010 թվականի հոկտեմբերի 24-ին, Ոսկանյանին, որն ինքնուրույն տեղաշարժվել այլևս չէր կարողանում, խցակիցները բերել են ՁՊՎ-ի բուժկետ։ Նույն օրը նա մահացել է։
Ողջ ընթացքում կալանավորը պարբերաբար դիմել է ՁՊՎ-ի բժիշկներին, զգուշացրել է, որ առողջական վիճակը օրեցօր վատթարանում է։ Բժիշկը մի քանի անգամ արձանագրել է, որ նրա ոտքի վերքի բորբոքային պրոցեսը խորանում, բայց, ըստ էության, վերքը մաքրելուց և վիրակապ դնելուց բացի ոչինչ չի ձեռնարկել։ Կալանավորն այդպես էլ չի տեղափոխվել հիվանդանոց։
2010 թվականի դեկտեմբերի 30-ին քրեական գործ է հարուցվել բժիշկ Մ.-ի նկատմամբ՝ բժշկական անփութության հատկանիշներով։ 2011 թվականի օգոստոսի 30-ին դատարանը կարճել է քրգործը և դադարեցրել բժկի նկատմամբ քրեական հետապնդումը՝ հանցակազմի բացակայության պատճառով։
Կալանավորի մահվան համար քրեակատարողական համակարգի որևէ ծառայող պատասխանատվության չի ենթարկվել։
Տարիներ առաջ՝ ներպետական բոլոր ատյաններով անցնելուց հետո, նրա կինը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան՝ Կոնվենցիայի 2-րդ մասի՝ կյանքի իրավունքի խախտման հիմքով։ Դեպքից 12 տարի անց՝ հաշվի առնելով Ս. Ոսկանյանին ցուցաբերած թերի բուժօգնության վերաբերյալ փորձագիտական խմբի միաձայն կարծիքը, ՄԻԵԴ-ը բավարարել է հայցը։
Դատարանը վճռել է՝ Հայաստանի Հանրապետությունը ձախողել է իր պարտավորությունները, կալանավորի մահվան դեպքը չի քննվել, տեղի է ունեցել Կոնվենցիայի 2-րդ հոդվածի խախտում։
Հայաստանի Հանրապետությունը պարտավորվել է Ոսկանյանի կնոջը եռամսյա ժամկետով 20 հազար եվրոյի չափով բարոյական վնասի փոխհատուցում վճարել։