2022 թվականին Հայաստանի զինված ուժերում և Ղարաբաղի պաշտպանության բանակում գրանցվել է (ոչ մարտական պայմաններում) զինծառայողների մահվամ առնվազն 50 դեպք՝ գրում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։
Մահվան պատճառները, ըստ պաշտոնական վարկածների, հետևյալն են․
— առողջական խնդիրներ՝ 17 դեպք,
— ավտովթար՝ 17 դեպք,
— ինքնասպանություն՝ 6 դեպք,
— սպանություն՝ 6 դեպք, որից 2-ը՝ դիտավորյալ, 1-ը՝ «զենքի օգտագործման կանոնների խախտման» հետևանքով, 1-ը՝ անհայտ պայմաններում, 2-ը՝ «մարտական ծառայության կանոնների խախտման» հետևանքով,
— դժբախտ պատահար՝ 2 դեպք՝ (այրվածք հրդեհի հետևանքով, հոսանքահարում, ջրահեղձ),
— զենքի, ռազմամթերքի, վտանգ ներկայացնող նյութերի հետ վարվելու կանոնների խախտում՝ 1 դեպք,
— ականի պայթյուն՝ 1 դեպք։
Եվս 14 զինծառայող (տարվա տարբեր ամիսներին) զոհվել է hրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։
Պաշտոնական տվյալների համաձայն, 2022 թվականի սեպտեմբերի 13-ից 15-ը ընկած ժամանակահատվածում՝ Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի լայնածավալ հարձակման հետևանքով մի քանի օրվա ընթացքում զոհվել է 221 զինծառայող, զինծառայողներից 3-ն առ այսօր անհետ կորած է համարվում։
ՀՔԱՎ-ն ընդգծում է՝ սեպտեմբերյան մարտերը չհաշված, բանակում անցյալ տարի 64 մահվան դեպք է գրանցվել, որոնցից 50-ը՝ ոչ մարտական պայմաններում, 14-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։
Մահվան 64 դեպքերից միայն 30-ի (47%) մասին է պաշտոնական հաղորդագրություն տարածվել, ևս 4 (6%) դեպքի մասին տեղեկությունը տարածվել է լրատվամիջոցներով, 3 (5%) դեպքի մասին ԶԼՄ տարածած տեղեկությունը հաստատվել է ՊՆ և գլխավոր դատախազության կողմից, սակայն պաշտոնական հաղորդագրություն այդ դեպքի մասին այդպես էլ չի հրապարակվել։ Մյուս 27 (42%) դեպքի մասին տեղեկություն առհասարակ չի տարածվել:
Մահացության 64 դեպքից 54-ը (84%) գրանցվել Հայաստանի տարածքում, 10-ը (16 %)՝ Լեռնային Ղարաբաղում։
Անցյալ տարի՝ 2021 թվականին, զինծառայողների մահացության դեպքերը 76-ն են եղել, որոնցից 54-ը՝ ոչ մարտական պայմաններում, 19-ը՝ հրադադարի ռեժիմի խախտման հետևանքով։ 2021-ին գրանցվել է «ինքնասպանության» 9-ը (2022-ին՝ 6) դեպք և սպանության 11 (2022-ին՝ 6) դեպք։
Բանակային մահերի մանրամասները՝ զեկույցում