2022 թվականի սեպտեմբերի 13-ին սկսված ադրբեջանական հարձակումից հայկական կողմից զոհվել է 224 մարդ, այդ թվում՝ 3 քաղաքացիական, անհայտ է 3 զինծառայողի գտնվելու վայրը։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն՝ ամփոփելով Ադրբեջանի սեպտեմբերյան ագրեսիայի քննության արդյունքները։
Ըստ ՔԿ-ի՝ Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերի մեկուկես տասնյակ համայնքներում հայտնաբերվել են ավերված կամ վնասված 100-ից ավելի սեփական բնակելի տներ, անասնագոմեր, ջերմոց, մեկ տասնյակի հասնող քաղաքացիական ավտոմեքենաներ, ավտոճանապարհներ, այրված խոտածածկ և անտառածածկ մեծ տարածքներ, պտղատու այգի, ավերված կամ վնասված համայնքապետարանի, հրշեջ փրկարական ջոկատի շենքեր, դպրոց, 3 հյուրատուն, հանդիսությունների սրահ։
Վնասվել են նաև նշված մարզերում տեղակայված 6 զորամասեր, ռազմական օբյեկտներ և տեխնիկա, այդ թվում՝ բուժծառայության 2 ավտոմեքենա:
Նախաքննության ընթացքում տուժող են ճանաչվել 600-ից ավել անձինք։
Մեղադրանքներ են ներկայացվել 16 զինծառայողների, որոնցից 6-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը, իսկ մնացածի նկատմամբ՝ բացակայելու արգելքը։ Նախաձեռնված 22 քրեական վարույթներից 6-ը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է դատարան, մյուսներով նախաքննությունը շարունակվում է:
Չմանրամասնելով 16 զինծառայողների մեղադրանքները, ՔԿ-ն հայտնում է, որ դրանք հիմնականում առնչվում են մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելու, կյանքի կամ առողջության համար վտանգավոր վիճակում գտնվող և ինքնապահպանության միջոցներ ձեռնարկելու հնարավորությունից զրկված անձին անօգնական վիճակում թողնելու, մարտի պարագայում ծառայողական պարտականությունները չկատարելու, զինծառայությունից ժամանակավորապես խուսափելու նպատակով ժամանակին ծառայության վայր չներկայանալու, ծառայողական ռազմական գույքը կորցնելու և այլնի հետ։
Պաշտոնական տվյալներով՝ սեպտեմբերյան հարձակումից հետո Բաքվի վերահսկողության տակ է անցել 140 քառակուսի կիլոմետր տարածք։ Ադրբեջանը հայկական կողմին է վերադարձրել 156 զինծառայողի մարմին, հայրենադարձվել է 17 գերի: Ադրբեջանն, իր հերթին, հաղորդել է 80 զոհի մասին։