Խաղաղության պայմանագրի տեքստը երեք անգամ խմբագրվել է, երկու կողմերն էլ աշխատել են տեքստի վրա, բայց, ի վերջո, համաձայնության են եկել միայն մեկ կետի շուրջ՝ հաստատել դիվանագիտական հարաբերություններ։ Այս մասին Ազգային ժողովի այսօրվա արտահերթ նիստին հայտարարել է Անվտանգության խորհրդի գլխավոր քարտուղար Արմեն Գրիգորյանը։
Պատասխանելով հարցին, թե ինչ կետեր է ներառում խաղաղության պայմանագիրը, Արմեն Գրիգորյանն ասել է․ «Բանակցային առանձնահատկությունը հաշվի առնելով՝ չենք հրապարակել [պայմանագրի տեքստը], բայց հայ ժողովրդին հայտնի է բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Դա Լեռնային Ղարաբաղի հիմնախնդիրն է, չդեմիլիտացված և չդեմարկացված սահմանն է, որը փորձում ենք դելիմիտացնել և դեմարկացնել, ապաշրջափակումն է և կան հումանիտար հարցեր»։
ԱԽ գլխավոր քարտուղարն ընդգծել է, որ դեռևս հաջողվել է մի կետի շուրջ ձեռք բերել համաձայնություն Ադրբեջանի հետ։
«Ցավալի բան պետք է ասեմ, բայց կա մեկ կետ, որի շուրջ համաձայնություն կա։ Այդ կետը դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակներում հաստատելն է: Մնացած բոլոր կետերում չկա հստակ համաձայնություն», – ասել է Գրիգորյանը։
Երեկ լրագրողների հետ զրույցում Արմեն Գրիգորյանը նշել էր, որ դժվար թե մինչև տարեվերջ խաղաղության պայմանագիրը ստացվի։
«Հայաստանն, ի դեմս իշխանության, իր բոլոր ջանքերը ներդրել է, որպեսզի կարողանանք մինչև տարեվերջ ունենալ այդ պայմանագիրը։ Հիմա ավելի մոտ լինելով տարեվերջին, դժվար է ասել, որ մինչև տարեվերջ կստացվի: Բայց մենք շարունակելու ենք աշխատել այդ ուղղությամբ մյուս տարի»:
ԱԽ քարտուղարը նաև պատմել էր տեքստի խմբագրման ընթացքի մասին․ «Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է խաղաղության պայմանագրի նախնական տեքստ, հիմա 5 կետերը ավելի բացված են․․․Հայկական կողմն այդ տեքստի վրա աշխատել է և պատասխանը տվել Ադրբեջանին, ու Վաշինգտոնում տեղի է ունեցել հանդիպում: Վաշինգտոնում քննարկումներից հետո Ադրբեջանը Հայաստանին փոխանցել է այդ տեքստի վրա աշխատած իր տարբերակը: Հայաստանը հիմա այդ տեքստի վրա աշխատում է, իր լրացումներն ու փոփոխություններն է կատարում այդ տեքստի վրա և շուտով կփոխանցենք Ադրբեջանին»։