ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստին Ռուսաստանը նախագահը հայտարարել է․ «Մենք ամեն ինչ անում ենք Բաքվի և Երևանի հարաբերությունների ամբողջական կարգավորման համար: Բոլորի համար պարզ է, որ դեռ ոչ վաղ անցյալում Ադրբեջանը Հայաստանն ու Ռուսաստանը մեկ միասնական պետության կազմում էին, և մենք մեծ կապեր ունենք թե՛ Երևանի, թե՛ Բաքվի հետ։ Դա հաշվի չառնել անհնար է: Մենք բոլորս հիմա շատ բարդ իրավիճակում ենք, բայց մենք չենք կարող անմասն մնալ Ռուսաստանին մոտ այս երկրների խնդիրներից ու հակամարտություններից: Մենք պատրաստ ենք նպաստել դրանց խաղաղ կարգավորմանը»։
Չնայած ՀԱՊԿ արտահերթ նիստի օրակարգում ադրբեջանական վերջին ագրեսիայից հետո Հայաստան գործուղված պատվիրակության զեկույցն էր, հրապարակային իր ելույթում Վլադիմիր Պուտինը էսկալացիային չի անդրադարձել նաև այսօր։
Սեպտեմբերի 13-ին՝ ռազմական գործողությունների մեկնարկից ժամեր անց, Հայաստանի կառավարությունը դիմել էր ՀԱՊԿ-ին։ Վկայակոչելով Պայմանագրի 4-րդ հոդվածը (անդամ պետություններից մեկի նկատմամբ ագրեսիան համարվում է ագրեսիա ՀԱՊԿ բոլոր պետությունների նկատմամբ) Հայաստանը (այդ թվում՝ ռազմական) աջակցություն էր հայցել:
ՀԱՊԿ-ը արտահերթ նիստ էր գումարել և որոշել պատվիրակություն ուղարկել Հայաստան՝ տեղում իրավիճակին ծանոթանալու նպատակով։ Ենթադրվում էր, որ պատվիրակությունը զեկույց կկազմվի, որը, իր հերթին, կօգնի «վերլուծել» իրավիճակը և «առաջարկներ մշակել»։ Թե՞ ինչ բովանդակություն ունի այդ զեկույցը՝ հայտնի չէ։ Առաջարկներն ու վերլուծությունը չեն հրապարակվել։
Ադրբեջանի ռազմական ագրեսիայից ավելի քան մեկուկես ամիս անց Երևանը ՀԱՊԿ-ից դեռ գնահատական է ակնկալում։
Այսօրվա նիստին, ըստ Հայաստանի կառավարության, վարչապետը Նիկոլ Փաշինյանը «ևս մեկ անգամ ընդգծել է ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ 2021 թ․ մայիսի 12-ին և 2022 թ․ սեպտեմբերի 13-14-ին սանձազերծված ադրբեջանական ագրեսիային ՀԱՊԿ-ի կողմից հստակ քաղաքական գնահատական տալու և Հայաստանի տարածքային ամբողջականությունը վերականգնելու ուղղությամբ ճանապարհային հստակ քարտեզի ձևավորման անհրաժեշտությունը»։
Նիստի հրապարակային մասում հասցեական գնահատականներ այդպես էլ չեն հնչել։ Կրեմլի տարածած հաղորդագրությունում նշվում է, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը ներկայացրել է սեպտեմբերի 15-ին Հայաստան գործուղված ՀԱՊԿ առաքելության զեկույցը։ Սեպտեմբերյան ագրեսիան ներկայացվել է որպես «հայ-ադրբեջանական սահմանի սրացում»։
Հայաստանի կառավարության հաղորդագրության մեջ, մինչդեռ, շեշտվում է՝ գլխավոր քարտուղարի զեկույցը մեծապես արտահայտել է առկա իրողությունները, մասնավորապես, ադրբեջանական ստորաբաժանումների կողմից Հայաստանի ինքնիշխան տարածք ներխուժման փաստը, դրա կրկնության վտանգը և ադրբեջանական ուժերի՝ ելման դիրքեր վերադառնալու անհրաժեշտությունը:
Երևանի հաղորդմամբ, ՀԱՊԿ երկրների ԱԳ նախարարներին այսօր «որոշման նախագիծ համաձայնեցնելու հանձնարարական» է տրվել։ Թե ինչ նախագծի մասին է խոսքը՝ պարզ չէ։
Հոկտեմբերի սկզբին՝ Պրահայում կայացած քառակողմ բանակցություններից հետո, հայտարարվել էր, որ Եվրամիությունը քաղաքացիական առաքելություն է ուղարկելու Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահմանին երկամսյա դիտորդություն իրականացնելու համար։
Արևմուտքի այս նախաձեռնությունը քննադատվել էր Մոսկվայի կողմից։
Աստանայում Ռուսաստանի արտգործնախարարը հայտարարել էր, թե ՀԱՊԿ-ն էլ է պատրաստ դիտորդներ ուղարկել․
«Հենց որ Հայաստանը խնդրեց ՀԱՊԿ-ի արտահերթ նիստ գումարել, այն կայացավ, ընդունվեց որոշում Հայաստան ուղարկել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին ու Միացյալ շտաբի ղեկավարին։ Նրանք գնացին, բերեցին առաջարկություններ, այդ առաջարկություններն արդեն ավելի քան մեկ ամիս է՝ մեր ձեռքում են։
Դրանք առաջարկում են ՀԱՊԿ դիտորդական առաքելություն ուղարկել Հայաստան՝ Ադրբեջանի հետ սահման։
Միակ բանը, որ պահանջվում է` Հավաքական անվտանգության խորհրդի որոշումն է, – հայտարարել էր Սերգեյ Լավրովը՝ շարունակելով․ – Հենց ազատ ժամանակ ունենաք, մենք պատրաստ կլինենք հաստատել նման առաքելությունը` պաշտոնապես, և այն կկարողանա սկսել աշխատանքը»:
Լավրովի այս հայտարարությունից հետո Փաշինյանը այս չորեքշաբթի հայտարարեց, որ Հայաստանն է նախաձեռնել արտահերթ նիստը։ Առ այժմ հայտնի չէ՝ դիտորդներ ուղարկելու որոշում կայացվել է, թե ոչ։
Սեպտեմբերի 13-ի էսկալացիայից հետո պաշտոնական Երևանը հրապարակավ քննադատում էր ՀԱՊԿ-ին՝ համարժեք չարձագանքելու համար։ Ոչ ռազմական գործողությունների ընթացքում, ոչ էլ դրանցից հետո ՀԱՊԿ-ը Հայաստանի նկատմամաբ ադրբեջանական ագրեսիան որպես այդպիսին չի ճանաչել, հասցեական հայտարարություններ չեն հնչել ոչ Կազմակերպությունից, ոչ էլ դրան անդամակցող պետություններից։
Երկրորդելով Բաքվի հայտարարություններին՝ Կազմակերպության անդամ պետությունները (ի դեմս, նախևառաջ, Ռուսաստանի) էսկալացիայի ընթացքում խոսում էին ոչ թե ռազմական ագրեսիայի, այլ հայ-ադրբեջանական սահմանը դելիմիտացնելու անհրաժեշտության մասին։
Հայաստանի վարչապետը հակադարձում էր՝ հետխորհրդային երկրները միմյանց սահմանները ճանաչել են դեռևս 1991 թվականին՝ ԱՊՀ համաձայնագրով, ճանաչված այդ սահմանների զգալի մասը դելիմիտացված չէ, ինչը չի նշանակում, որ դրանք գոյություն չունեն և կարող են անխոչընդոտ ենթարկվել ոտնձգությունների։