Երեկ երեկոյան Ժնևում կայացել են Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների բանակցությունները։
Ուրբաթ օրը վարչապետ Նիկոլ Փաշինյանը Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել էր, թե Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները երկու օրից պաշտոնապես սկսելու են խաղաղության պայմանագրի տեքստի քննարկումները։ Վարչապետն ընդգծել էր՝ որևէ փաստաթուղթ կամ կայացած պայմանավորվածություն դեռևս չկա, աշխատանքները նոր են սկսվում։
Պայմանագրի կոմպոնենտներից նա առանձնացրել էր երկուսը՝ տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչումը և Ղարաբաղի հարցը։ Հայաստանը պատրաստ է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, եթե Ադրբեջանը համաձայնի անել նույնը՝ Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքի նկատմամբ՝ հիմք ընդունելով 1991 թվականի դեկտեմբերի 18-ի ԱՊՀ համաձայնագիրը, որով երկու երկները դե յուրե ճանաչել են միմյանց սահմանները։ Ղարաբաղի հարցի վերաբերյալ վարչապետը ընդգծել էր՝ բացառված չէ, որ խաղաղության պայմանագրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ չլինել։ «Կա այդպիսի գաղափար, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից։ Հայաստանը և Ադրբեջանը կարող են և պետք է փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով»։
Արտգործնախարարների գիշերվա բանակցություններից հետո Հայաստանի ԱԳՆ-ն հաղորդագրություն է տարածել, ըստ որի՝ հանդիպման ժամանակ կողմերը մտքեր են փոխանակել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի, Լեռնային Ղարաբաղի հայության իրավունքների և անվտանգության երաշխիքների ապահովման վերաբերյալ, այդ թվում՝ Ստեփանակերտի և Բաքվի միջև քննարկումների մեխանիզմի ստեղծման միջոցով։
Հաղորդագրության համաձայն՝ դրական է գնահատվել երկուստեք ըմբռնումը, որ տարածաշրջանային տրանսպորտային ուղիները պիտի ապաշրջափակվեն երկրների ինքնիշխանության և իրավազորության ներքո։
Արարատ Միրզոյանը հանդիպման ժամանակ վերահաստատել է հայկական կողմի դիրքորոշումը՝ Հայաստանի ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերման և բոլոր հայ ռազմագերիների անհապաղ ազատ արձակման վերաբերյալ։ Կարևորվել է նաև սահմանային իրավիճակի վերահսկման միջազգային մեխանիզմների ներդրումը (խոսքը, հավանաբար, հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայելու առաջարկի մասին է, որի շուրջ քննարկումները կրկին ակտիվացել է սեպտեմբերի 13-ի հարձակումից հետո)։ Միրզոյանն ընդգծել է՝ Ադրբեջանի ԶՈՒ իրականացրած պատերազմական հանցագործությունները հստակ գնահատականի պետք է արժանանան միջազգային ատյանների կողմից, իսկ հանցագործները՝ պատասխանատվության ենթարկվեն։
Հանդիպումից հետո հաղորդագրություն է տարածել նաև Ադրբեջանի արտգործնախարարությունը։ Բաքուն առաջարկել է Հայաստանի հետ սահմանի դելիմիտացիայի երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստը նախատեսվածից շուտ անցկացնել` նոյեմբերի փոխարեն հոկտեմբերին։
«Հաշվի առնելով չսահմանազատված սահմանին լարվածությունը՝ Ադրբեջանն առաջարկել է սահմանազատման հարցերով երկկողմ հանձնաժողովի հաջորդ նիստն անցկացնել ոչ թե նոյեմբերին, ինչպես ավելի վաղ պայմանավորվածություն էր ձեռք բերվել, այլ այս տարվա հոկտեմբերին»,- ասվում է հաղորդագրությունում։
Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Ջեյհուն Բայրամովն ընդգծել է Ադրբեջանի և Հայաստանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորմանն ու խաղաղության պայմանագրի ստորագրմանն ուղղված ջանքերի կարևորությունը։ Այս համատեքստում նա հայկական կողմի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանի առաջարկած հինգ սկզբունքների վրա հիմնված (խաղաղության) պայմանագրի տարրերին, ասվում է հայտարարությունում։
Հաղորդագրության համաձայն, Բայրամովն ընդգծել է նաև «Ադրբեջանի տարածքից հայկական զինված ուժերի ամբողջական դուրսբերման անհրաժեշտությունը՝ համաձայն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ղեկավարների ստորագրած եռակողմ հայտարարությունների, տրանսպորտային ուղիների բացումը հնարավորինս սեղմ ժամկետներում՝ փոխվարչապետների նախագահությամբ եռակողմ հանձնաժողովի շրջանակներում ձեռք բերված նախնական պայմանավորվածությունների հիման վրա»։
լրացում — Հայաստանի ԱԳՆ խոսնակն ասել է, թե [սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով եռակողմ հանձնաժողովի նիստը] նախատեսվածից շուտ անցնակցնելու առաջարկը հայկական կողմն է արել, ոչ թե ադրբեջանականը։
Սեպտեմբերի սկզին հայ-ադրբեջանական սահմանին սկսված բախումներից հետո, որոնք ամենաարյունալին էին 2020 թվականի 44-օրյա պատերազմից ի վեր, Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներն արդեն երկու հանդիպում են անցկացրել։ Առաջինը սեպտեմբերի 20-ին էր՝ Նյու Յորքում, Միացյալ Նահանգների պետքարտուղար Էնթոնի Բլինքենի միջնորդությամբ։