«Կա այդպիսի գաղափար, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը պետք է առանձնացնել Ղարաբաղի հարցից։ Մեր ընկալումն այն է, որ խաղաղության պայմանագրի մեջ Ղարաբաղի հարցին անդրադարձ կարող է և չլինել։ Հայաստանը և Ադրբեջանը կարող են և պետք է փոխադարձաբար ճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, իսկ Ղարաբաղի հարցի քննարկման հիմնական շահառուն պետք է լինի Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը՝ իր ընտրված ներկայացուցիչների միջոցով», – Հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ղարաբաղի հարցով պետք է բանակցի Ղարաբաղը
Ղարաբաղի հարցով Լեռնային Ղարաբաղը պետք է լինի հիմնական բանակցողը և շահառուն՝ շեշտել է Փաշինյանը։ Ինչ վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը՝ Հայաստանը, ըստ նրա, պատրաստ է գնալ դրան, եթե Ադրբեջանն իր հերթին ճանաչի Հայաստանի տարածքային ամբողջականությունը՝ 1991 թվականի դեկտեմբերի 18-ի ԱՊՀ համաձայնագրի հենքի վրա։
«Սա մի կոմպոնենտն է խաղաղության պայմանագրի։ Մինչև հիմա Ադրբեջանից այդ արձագանքը չկա։ Եթե աշխատանքային մակարդակում Ադրբեջանի կողմից հստակ արձանագրվեր այն փաստը, որ փոխադարձաբար տարածքային ամբողջականությունը ճանաչելու տակ իրենք նկատի ունեն, որ իրենք էլ մեր միջազգայնորեն ճանաչված սահմաններն են ճանաչում, շատ մեծ կլիներ հավանականությունը, որ այս պահի դրությամբ արդեն խաղաղության պայմանագիրը ստորագրված կլիներ։
Տարածքային ամբողջականություն ասածը չի կարող ամորֆ բան լինել։ Ինչո՞վ է կարևոր 1991 թ․ դեկտեմբերի 18-ի համաձայնագրի հիշատակումը։ Նրանով, որ մենք արձանագրում ենք՝ այդ պահին փոխադարձաբար դե յուրե ճանաչված սահմանների հիման վրա ենք անելու։ Սահմանների դեմարկացիան առանձին գործընթաց է, բայց եթե մենք ճանաչում ենք այդ հենքը՝ դելիմիտացիան շատ արագ կարելի է իրականացնել, որովհետև այդ սահմանները հայտնի են», – հավելել է Հայաստանի վարչապետը։
Այս պահին շրջանառվող որևէ փաստաթուղթ չկա։ Անգամ հիշատակված մոտեցումները չեն անցել նախնական քննարկումների միջոցով։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ այդ քննարկումները առաջիկայում մեկնարկելու են․
«Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները 2 օրից պաշտոնապես կսկսեն խաղաղության պայմանագրի տեքստի շուրջ քննարկումները»։
Հարցին՝ Ադրբեջանը համաձա՞յն է առանձին-առանձին բանակցել Հայաստանի և Արցախի իշխանությունների հետ, վարչապետը պատասխանել է. «Բանակցային այդ կոնֆիդենցիալ հատվածներին չէի ուզենա անդրադառնալ, դա հընթացս կտեսնենք բոլորս»:
Ոչ ոք պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունը
Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման վերաբերյալ Մոսկվայի, Բրյուսելի ու Վաշինգտոնի պատկերացումները, իհարկե, որոշակի տարբերություններ կարող են ունենալ, բայց կա մի բան, որ երեքն էլ կիսում են, նշել է վարչապետը․
«Եթե ինձ վրա պարտավորություն է դրված մեր ժողովրդի հետ խոսել ճշմարտության լեզվով, պիտի արձանագրեմ հետևյալը։ Սա նորություն չէ, գուցե պետք է շատ ավելի շուտ անեի այս արձանագրումը, նույնիսկ պատերազմից առաջ պետք է անեի այդ արձանագրումը։
Ձեր նշած երկրներից ոչ մեկը պատրաստ չէ ճանաչել Ղարաբաղի անկախությունն ու ոչ մեկը պատրաստ չէ Ղարաբաղը ճանաչել որպես Հայաստանի մաս: Նրանք գուցե մի քիչ այլաբանորեն, գուցե մի քիչ դիվանագիտորեն, երբեմն էլ՝ շատ ուղիղ ասել են դրա մասին, ու մենք պետք է այս փաստի հետ առերեսվենք»։
Ընդդիմությունը տեղյակ է
Վարչապետն ընդգծել է՝ բանակցությունների մանրամասներից տեղյակ են բավականին լայն շրջանակի մարդիկ, այդ թվում ՝ Լեռնային Ղարաբաղի իշխանությունները, որոնց հետ շփումները մշտական բնույթ են կրում։
«Լեռնային Ղարաբաղի նախագահը որևէ բանակցությունում իմ արտասանած և լսած որևէ նախադասությունից անտեղյակ չի: Ինչ վերաբերում է ընդդիմությանը և քաղաքական մյուս ուժերին, ես ճիշտ եմ համարում, որ պետք է տեղյակ պահեմ Լեռնային Ղարաբաղի նախագահին: Ես գիտեմ, որ նա էլ տեղյակ է պահում առնվազն Անվտանգության խորհրդին և, ըստ էության, նաև նախկին բարձրաստիճան պաշտոնյաների․․․
Ուզում եմ ընդգծել, որ ձեր [Հայաստանի և Ղարաբաղի նախկին նախագահների] խորհրդակցության անդամների մի մասը այս բերումով տեղյակ է բանակցային գործընթացին, մյուս մասը տեղյակ լինելու հնարավորություն ունեցել է, որովհետև ես միշտ էլ պատրաստակամություն եմ հայտնել՝ մասնավորապես խորհրդարանական ընդդիմության ներկայացուցիչներին ներկայացնել բանակցությունները ամբողջությամբ»:
Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը, որոնք «համապատասխանաբար երկու խմբակցությունների լիդերներն են», ըստ նրա՝ հրաժարվել են այդ տեղեկատվությունը ստանալ: Հրաժարվել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը․ «Ես այդ տեղեկատվությունը կիսում եմ նաև արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչների հետ, ու ժամանակին նաև հրավեր է եղել Հայ ազգային կոնգրեսին՝ մասնակցել այդ ֆորմատին, նրանք հրաժարվել են»:
ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս կգա՞
Բանակցություններին զուգահեռ՝ Ադրբեջանը պարբերաբար ռազմական էսկալացիաներ է ստեղծում։ Հայաստանի տարածքի նկատմամբ վերջին հարձակումից հետո սահմանին իրավիճակը մնում է լարված։ Այդ լարվածությունը, ըստ Փաշինյանի, կայուն պահպանվում է, «նոր սադրանքները բացառված չեն»:
Երևանը պարբերաբար խոսում է «դաշնակիցների» անգործության մասին։ Ադրբեջանի հարձակումից ժամեր անց Հայաստանի կառավարությունը դիմել էր Ռուսաստանին և ՀԱՊԿ-ին՝ հայցելով նրանց աջակցությունը (այդ թվում՝ ռազմական)։ ՀԱՊԿ պայմանագրի 4-րդ կետի համաձայն, եթե անդամ պետություններից որևէ մեկը ենթարկվում ագրեսիայի որևէ պետության կողմից, ապա համարվում է ագրեսիա ՀԱՊԿ բոլոր պետությունների դեմ:
Ադրբեջանական ագրեսիան, սակայն, ՀԱՊԿ-ի կողմից որպես այդպիսին չի ճանաչվել։ Երկրորդելով Ադրբեջանին՝ անդամ պետությունները (ի դեմս Ռուսաստանի) այս օրերին խոսում են ոչ թե հարձակման, այլ հայ-ադրբեջանական սահմանը դեմարկացնելու և դելիմիտացնելու անհրաժեշտության մասին։
ՀԱՊԿ-ից ակնկալվում է Հայաստանի սահմանին տեղի ունեցածի քաղաքական գնահատականը, ինչը չի տրվում՝ արդեն այսօր հայտարարել է Փաշինյանը։
Փաստարկին, թե հայ-ադրբեջանական սահմանը դելիմիտացված չէ, վարչապետը հակադարձել է՝ սահմանազատված չեն նաև ՀԱՊԿ անդամ և այլ երկրների, այնպես էլ ՀԱՊԿ անդամ երկրների միջև սահմաններ, ինչը չի նշանակում, թե այդ երկրները կարող են հարձակվել իրար վրա:
Փաշինյանն ընդգծել է՝ անդամ երկրների սահմանները կասկածի տակ դնելը նշանակում է կասկածի տակ դնել հենց ՀԱՊԿ-ի գոյությունը, քանի որ այդ դեպքում հստակ չէ կազմակերպության պատասխանատվության գոտին:
«Ասել, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահման չկա, նշանակում է ասել, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպություն չկա», – ասել է Հայաաստանի ղեկավարը:
ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու հնարավորության վերաբերյալ հարցը Փաշինյանն այսօր առաջարկեց վերաձևակերպել հակառակ ձևով՝ «ՀԱՊԿ-ը Հայաստանից դուրս կգա՞ արդյոք», և դա ամենևին էլ, ըստ նրա, բառախաղ չէ: