Վաշինգտոնը, Մոսկվան, Բրյուսելը՝ խուսափելով հասցեական հայտարարություններից, խորը մտահոգություն են հայտնել Հայաստանի դեմ Ադրբեջանի սանձազերծած հարձակման կապակցությամբ։ Արտահայտվել են նաև Թեհրանը և Անկարան․․․
ՄԱԿ-ի ԱԽ․ Ելիսեյան պալատը տեղեկացնում է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը պատրաստվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումների հարցը բարձրացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում, որին պաշտոնապես դիմել է նաև Հայաստանի կառավարությունը։ Ժամկետներ և այլ մանրամասներ Փարիզը չի հաղորդվում։
«Նախագահ Մակրոնը շարունակում է հորդորել պահպանել հրադադարը և հարգել Հայաստանի տարածքային ամբողջականությունը»,- հայտարարել է Ֆրանսիայի նախագահական գրասենյակը։
ՀԱՊԿ․ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից բացի՝ Հայաստանը դիմել է նաև Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությանը։ Թե կոնկրետ ինչ է պահանջել Երևանը ՀԱՊԿ-ից՝ ռազմական օգնություն, պատժամիջոցներ, խորհրդատվություն, թե այլ աջակցություն, հայտնի չէ․ դիմումի տեքստերը չեն հրապարակվել։
Այսօր երեկոյան Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի արտահերթ նիստ։ Քիչ առաջ Բելառուսի նախագահի մամուլի ծառայությունից տեղեկացրել են՝ նիստին առաջարկվել է աշխատանքային խումբ ստեղծել՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը վերլուծելու և առաջարկներ մշակելու համար։ Պետությունների առաջնորդների համար մանրամասն զեկույց պատրաստելու նպատակով ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը կայցելի հակամարտության գոտի։
Մոսկվա․ Հասցեական հայտարարություններ չեն հնչել նաև Ռուսաստանից, որին Երևանը դիմել էր՝ Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության պայմանագրի դրույթները գործողության մեջ դնելու նպատակով:
Ռուսաստանի արտգործնախարարությունը «ծայրահեղ մտահոգություն» է հայտնել ու «իրավիճակի հետագա սրումից խուսափելու» հորդոր հնչեցրել։ Մոսկվան ընդգծել է՝ Երևանի և Բաքվի միջև վիճելի հարցերը պետք է լուծվեն քաղաքական և դիվանագիտական ճանապարհով։
«Մասնավորապես սահմանային հարցերի դեպքում՝ սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքի շրջանակներում՝ Ռուսաստանի խորհրդատվական փոխգործակցությամբ», – շեշտել է Ռուսաստանի արտգործնախարարությունը։
Գիշերը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, որը ներկա էր նաև ՀԱՊԿ-ի այսօրվա նիստին։ Հայկական կողմի հաղորդմամբ, նրանք պայմանավորվել էին «լինել օպերատիվ կապի մեջ»։ Ռուսաստանի նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հավելել էր՝ այժմ աշխատանքներ են տարվում փորձագիտական մակարդակով, «երբ այդ աշխատանքը արդյունքներ տա, կտեղեկացնենք»։
Վաշինգտոն․ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել է, թե մտավախություն ունի, որ Ռուսաստանը կարող է փորձել «պղտորել ջրերը» Ադրբեջանի և Հայաստանի միջև հակամարտությունում:
«Արդյոք Ռուսաստանը փորձո՞ւմ է ինչ-որ ձևով պղտորել ջրերը, շեղել ուշադրությունը Ուկրաինայից, սա մեզ միշտ մտահոգում է», – Ինդիանայում լրագրողների հետ զրույցում ասել է Բլինքենը և հավելել, որ «Ռուսաստանը կարող է նաև օգտագործել իր ազդեցությունը տարածաշրջանում՝ օգնելու «հանդարտեցնել ջրերը»:
Բլինքենը նաև հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Պետքարտուղարության խոսնակ Նեդ Փրայսի տարածած հաղորդագրության մեջ նշվում է, որ մտահոգություն հայտնելուց բացի՝ Իլհամ Ալիևի հետ զրույցում Բլինքենը «կոչ է արել դադարեցնել ռազմական գործողությունները և ընդգծել, որ Միացյալ Նահանգները ջանքեր է գործադրելու ռազմագործողությունները դադարեցնելու ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հասնելու ուղղությամբ»։
Ըստ պետքարտուղարության հաղորդագրության, Փաշինյանի հետ զրույցում նա մարտական գործողությունների դադարեցման կոչ չի արել, այլ՝ «վստահեցրել է վարչապետ Փաշինյանին, որ Միացյալ Նահանգները ձգտելու է բախումների դադարեցմանն ու Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանը»։
Բրյուսել․ Եվրամիության խորհրդի նախագահի հետ է նաև այսօր հեռախոսազրույց ունեցել Նիկոլ Փաշինյանը: Վարչապետի գրասենյակի փոխանցմամբ` Շառլ Միշելը պատրաստակամություն է հայտնել ջանքեր գործադրել՝ հետագա էսկալացիան կանխելու համար:
Քիչ անց թվիթերյան գրառմամբ Միշելը ծայրաստիճան մտահոգիչ է որակել «Հայաստանի և Ադրբեջանի սահմաններին մարտերի մասին տեղեկությունները»` հավելելով՝ «անհրաժեշտ է լիարժեք և կայուն հրադադար»։
Նա տեղեկացրել է, որ հետագա լարվածությունը կանխելու ուղղությամբ աշխատանքներ տանելու նպատակով Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելը հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին գործուղել է Բաքու և Երևան։
«Հայ-ադրբեջանական սահմանի շուրջ ռազմական գործողությունների սրման մասին հաղորդագրությունները խիստ տագնապալի են։ Եվրախորհուրդ մտնելիս Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվել են հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով։ Պետք է հարգել այդ պարտավորությունը։ Եվրոպական խորհուրդը պատրաստ է աջակցել հաշտեցման ջանքերին, որոնք նպաստում են խաղաղ կարգավորմանը», – հայտարարել է Եվրախորհդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը։
ԵԱՀԿ․ «Ռազմական գործողությունների սրացումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանին պետք է անհապաղ դադարեցվի: Դիվանագիտական ճանապարհով ձեռք բերված առաջընթացը չպետք է մսխվի:
Վերջին 18 ամիսներին հաջողվել էր առաջընթացի հասնել՝ ներառյալ Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնությունը շարունակելու աշխատանքը խաղաղության պայմանագրի ուղղությամբ: Այս բախումները վտանգում են այդ առաջընթացը և վտանգի տակ են դնում անթիվ կյանքեր», – հայտարարել է Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) գործող նախագահ Զբիգնև Ռաունը։
Հատկանշական է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ռուսաստանցի և ամերիկացի համանախագահները այս օրերին Երևանում և Բաքվում են գտնվում։ Ամերիկացի համանախագահ Ֆիլիպ Ռիքերն այսօր հանդիպեկ է Իլհամ Ալիևի, իսկ ռուսաստանցի համանախագահ Իգոր Խովաևի՝ Նիկոլ Փաշինյանը և արտգործնախարար Արարատ Միրզոյանի հետ։
Թեհրան․ Հայ-ադրբեջանական սահմաններին որևէ փոփոխություն անթույլատրելի է, հայտարարել է պաշտոնական Թեհրանը։
Հայաստանի վարչապետը այսօր նաև Իրանի նախագահին է զանգահարել։ Փաշինյանի հետ զրույցում, ըստ վարչապետի գրասենյակի, Էբրահիմ Ռայիսին կրկնել է՝ Հայաստանի հետ Իրանի կապը չպետք է վտանգվի, իսկ հաղորդակցության ուղիները պետք է լինեն պետությունների սուվերենության ներքո:
Իրանի նախագահը շեշտել է, որ իր երկիրը պատրաստ է աջակցել տարածաշրջանում խաղաղության հաստատմանը՝ հավելելով, որ Հայաստանի անվտանգության հարցը կարևոր է Իրանի համար:
Անկարա․ Թուրքիա արտգործնախարարը կրկնել է ադրբեջանական կողմի գրեթե բոլոր թեզերը՝ մեղադրել է Հայաստանին «սահմանային սադրանքների» համար և հորդորել «վերադառնալ բանակցությունների»՝ պնդելով, թե Երևանը խաղաղության հնարավորությունից օգտվելու փոխարեն սադրում է:
«Հայաստանը պետք է դասեր քաղի և խաղաղություն ուզի: Ադրբեջանը խաղաղության պայմանագիր է առաջարկել, որին մենք աջակցում ենք: Պետք է որոշել սահմանները, դրա համար համատեղ հանձնաժողով է ստեղծվել: Սրա վրա կենտրոնացեք, դուրս եկեք Ղարաբաղից», – նշել է թուրք արտգործնախարարը՝ կրկնելով՝ «Ադրբեջանը մենակ չէ»:
Թբիլիսի․ Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին այսօր Փաշինյանի հետ հեռախոսազրույցի ընթացքում իր պատրաստակամությունն է հայտնել միջնորդական դեր ստանձնել տարածաշրջանում լարվածության թուլացման համար։
Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ԱԹՍ-ներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, ավելի վաղ հայտնել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
Հայկական կողմը հաղորդել է առնվազն 49, ադրբեջանական կողմը՝ 50 զոհերի մասին։ Տվյալները ճշտվում են։ Հայկական կողմից առնվազն մեկ զինծառայող է գերեվարվել։ Քաղաքացիական բնակչության շրջանում երեք վիրավոր կա։
Հայաստանի ՊՆ-ի հաղորդմամբ, «որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ»։ Փոխհրաձգությունները շարունակվում են։
Մանրամասներ՝ այստեղ և այստեղ (թարմացվող լրահոսում)