Home / Բանակ / Լևոն Տեր-Պետրոսյանը և այլն

Լևոն Տեր-Պետրոսյանը և այլն

Լևոն Տեր-Պետրոսյանը ընդդիմությանը ազգային համախմբման և իշխանությունների հետ երկխոսության կոչ է անում։ Քոչարյանականները մերժում են, ՀՀԿ-ականները՝ առաջարկում առավել «կոնսենսուսային տարբերակ» փնտրել։

Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իշխանությանն ու ընդդմիությանն առաջարկում է նստել մեկ սեղանի շուրջ, Հայաստանի համար ճակատագրական այս իրավիճակում ընտրել հնարավոր լուծումներից «ամենաքիչ ցավոտը» և կիսել համատեղ որոշման պատասխանատվությունը։

Սեպտեմբերի 22-ին Բարեգին Բ-ի նախաձեռնությամբ Մայր Աթոռում հանդիպել են Հայաստանի և Ղարաբաղի նախկին նախագահներ Տեր-Պետրոսյանը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը։ Առաջին նախագահը առաջարկել է հանդիպումից հետո հրապարակվելիք հաղորդագրության մեջ ներառել հետևյալ ձևակերպումը․ «Խորհրդակցության մասնակիցները օրվա գլխավոր խնդիր են համարում ազգային համախմբման կայացումը և իշխանության և ընդդիմության միջև կառուցողական երկխոսության սկզբնավորումը»։ Փակ հանդիպման ժամանակ առաջարկը մերժվել է։ Հանրային հեռուստատեսության եթերում Տեր-Պետրոսյանն այն արել է նաև հրապարակավ։

«Մեզ սպասում են ծանր լուծումներ, ցավոտ լուծումներ։ Պայմանագրեր պետք է ստորագրվեն և՛ Ադրբեջանի հետ, և՛ Թուրքիայի հետ։ Դա ոչ մեկի քիմքին հաճո չի լինելու։ Բայց կա մի պահ, երբ այլընտրանք չկա», – շեշտել է առաջին նախագահը։ Այս պահը, ըստ նրա, պահանջում է երկխոսություն իշխանությունների, այսինքն՝ Նիկոլ Փաշինյանի հետ։ Տեր-Պետրոսյանի խոսքով, ոչ ոք, Փաշինյանից և գուցե ևս 2-3 հոգուց բացի, չգիտի, թե իրականում ինչ պրոցես է այսօր գնում՝ ինչ է առաջարկում Ռուսաստանը, Թուրքիան, ի՞նչ է խորհուրդ տալիս ԱՄՆ-ն։

«Ընդդիմության մեծագույն մասը կարծում է, որ եթե Փաշինյանից կարողանան ազատվել, մենք կկարողանանք խուսափել ցավոտ լուծումներից։ Սա միամտություն է․ ով էլ գա, նույնը, գուցե և ավելի վատ փաստաթուղթ է ստորագրելու։ ․․․Բոլոր լուծումներն էլ վատ են լինելու մեզ համար։ Ես տեսնում եմ խնդիր այդ բոլոր վատ լուծումներից ընտրել ամենաքիչ ցավալին», – նշել է նախկին նախագահը։

Փաշինյանն էլ է, ըստ նրա, վախենում ստորագրել այդ փաստաթուղթը․ «Ինչ փաստաթուղթ էլ ստորագրի, պետք է ասեն «դավաճան», «թուրք», չգիտեմ ինչ։ Չեմ ուզում դավադրապաշտական բաների մեջ մտնել, թե դրանով ինչ նպատակ են հետապնդում և այլ․․․ Իմ կարծիքով, մենք Փաշինյանին նույնիսկ ձեռք ենք մեկնում․․․ Եթե միասին ենք ընտրում էն ամենաքիչ ցավալի տարբերակը, դրանով մենք մեզ վրա պատասխանատվություն ենք ստանձնում։ Ես պատրաստ եմ դրան»։

Արցախի խնդիրը, առաջին նախագահի համոզմամբ, արդեն լուծված է՝ առնվազն այն իմաստով, որ Հայաստանը Արցախի հարցում այլևս խոսք չունի, դերակատար չէ։ Բայց եթե փաստաթուղթ չստորագրվի, գուցե և Հայստանը պետականությունը կորցնելու վտանգի առջև կանգի շատ կարճ ժամանակում:

Աշոտյան

Տեր-Պետրոսյաի առաջարկին այսօր արձագանքել է Սերժ Սարգսյանի գլխավորած Հանրապետական կուսակցության փոխնախագահ Արմեն Աշոտյանը։

«Երկրի օրհասական վիճակը թելադրում է ստեղծված իրավիճակից դուրս գալու ելքերի առավել արդյունավետ կոնսենսուսային տարբերակի որոնում», – հայտարարել է նախկին կրթության նախարարը։

Փաշինյանի մասնակցությամբ, ըստ նրա, միասնություն ձևավորվել չի կարող, իսկ «հայ ժողովրդի մոտ Վեհափառի հովանու ներքո եռանախագահության հավաքից ձևավորված սպասումներն ու ակնկալիքները որևէ կոշտ անձնական դիրքորոշման կամ անզուսպ ամբիցիայի պատճառով հօդս ցնդեցնելը՝ թե՛ ընթացիկ իրավիճակից ելնելով, թե՛ պատմական տեսանկյունից, լինելու է աններելի քայլ»։

Նախկին ՊՆ

Առաջին նախագահի կոչին անդրադարձել է նաև պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը, որը գլխավորում է Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի խորհրդարանական խմբակցությունը։

«Գնանք ի՞նչ բանակցենք։ Գնանք, կանգնենք իր կողքին ու տեսնենք՝ ինչպե՞ս է հանձնում Հայաստանը», – ասել է Օհանյանը, որի ռազմական կարիերայի ամենատպավորիչ արդյունքների մասին կարելի է կարդալ այստեղ։