Դատախազությունը դատարանից պահանջել է պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և նրա հետ փոխկապակցված 3 անձանցից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել Երևանում գտնվող 2 հասարակական նշանակության տարածքները, Վահագնի թաղամասում գտնվող առանձնատունը և 1 տրանսպորտային միջոց, իսկ անհնարինության դեպքում՝ դրանց միջին շուկայական արժեքները, որն ընդհանուր կազմում է 1 մլրդ 92 մլն 538 հազար 513 դրամ։ Հայցը վարույթ է ընդունվել։
Ի պատասխան՝ Օհանյանը կրկին հերքել է, թե՝ «չի տիրապետել և չի տիրապետում» Վահագնի թաղամասում գտնվող և «մամուլում ցուցադրվող» առանձնատանը և չունի հասարակական նշանակության որևէ օբյեկտ։ Իր անվան շուրջ պտտվող այս լուրերը, ըստ նրա, կապված են «Արցախի հարցում իր` որպես ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության ղեկավարի հակաիշխանական կոշտ դիրքորոշման և Դիմադրության շարժման պայքարի աճող ինտենսիվության հետ»։
Դատախազությունից էլ արձագանքել են, թե՝ եթե հայցադիմումն այս բովանդակությամբ ուղարկել են դատարան, հետևաբար հիմնավորված են համարում այդ գույքի փաստացի պատկանելիությունը նշված անձին։
Օհանյանը «չի տիրապետում»
Դեռևս 2021-ին Փաստերի ստուգման հարթակը ուսումնասիրել է Վահագնի էլիտար թաղամասում Օհանյանին «չպատկանող» հսկայական դզյակի իրավական հետագիծը։
Պարզվել է, որ ~3700 քմ մակերեսով հողատարածքը 2011-ին (շուրջ 438,860 դոլար) գնել է 20-ամյա Զարուհի Տիգրանի Բադալյանը, որը Սեյրան Օհանյանի կնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի քրոջ դուստրն է։ 2014-ից այնտեղ շինաշխատանքներ են սկսվել․ 2 տարի անց 2858 քմ մակերեսով 3 հարկանի առանձնատունն արդեն արտաքնապես պատրաստ էր։
Հեղափոխությունից հետո Օհանյանի կնոջ քրոջ դուստը հողատարածքը՝ հսկայական դղյակով հանդերձ, նիվրաբերել է Ֆրանսիայի քաղաքացի, ոմն Ժան Պիեր Ֆովոյին, որը եկել է Հայաստան և դիմել քաղաքապետարան՝ ինքնակամ շինությունը օրինականացնելու հայցով։ Շինությունը օրինականացվել է, Ժան Պիեր Ֆովոյը նոտարի մոտ առանձնատան գործերով իրեն ներկայացուցիչ է ընտրել Սեյրան Օհանյանի փաստաբան Կարեն Մեժլումյանին։ Այդ օրվանից սկսած՝ առանձնատան հետ կապված բոլոր գործերով զբաղվել է Մեժլումյանը․․․
Հիշեցնենք նաև, որ Ղարաբաղի և Հայաստանի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը բանակային կարիերան սկսվել է դեռ խորհրդային ժամանակներից։ Հայաստանի անկախացումից ի վեր Օհանյանը զբաղեցրել է բացառապես պետական պաշտոններ։
Սա ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման թվով 6-րդ հայցադիմումն է, որ դատարանն ընդունել է վարույթ․ իրավապահները նաև ուսումնասիրել են գեներալ Մանվել Գրիգորյանի, նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի, տրանսպորտի նախկին նախարար Գագիկ Բեգլարյանի, բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանի, ԱԱԾ գնդապետ Սերոբ Հարությունյանի, Սերժ Սարգսյանի եղբոր՝ հետախուզման մեջ գտնվող Լևոն Սարգսյանի դստեր, ԱԺ նախկին նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ Պետական գույքի կառավարման վարչության նախկին պետ Արման Սահակյանին, «Վստրեչի Ապեր» Արամ Վարդանյանի, ՊԵԿ նախկին աշխատակից Վահրամ Գուրողլյանին պատկանող գույքն ու դրամական միջոցները։ Գործերի մի մասն արդեն դատարանում է։ Ընդհանուր առմամբ, մինչ այս ուսումնասիրվում է ավելի քան 200 գործ։