Մենք միջազգային գործընկերներին առաջարկում ենք հայ-ադրբեջանական սահմանին միջազգային դիտորդական առաքելություն տեղակայել, հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը այսօրվա Կառավարության նիստին։
Փաշինյանի ելույթի առանցքային հատվածները՝ ստորև․
Հայկական ստորաբաժանումները ինժեներական աշխատանքներ են իրականացրել Հայաստանի տարածքում, և ադրբեջանական ստորաբաժանումները, որոնք հարված են հասցրել, նույնպես, գտնվել են Հայաստանի տարածքում։
Հայաստանի տարածքը օկուպացված է և մեր դիրքորոշումը միանշանակ է և աներկբա, որ Ադրբեջանի զինված ուժերը պետք է հետ քաշվեն ՀՀ տարածքից։
Բոլոր այն ուղղություններով, բոլոր այն դեպքերում, որտեղ հնարավոր է, ցավոք, նրանք որոշակի հաջողություններ ունեն նաև մեր դաշնակիցների հետ հարաբերությունների իմաստով։ Որտեղ հնարավոր է, նրանք փորձում են էնպես անել, որ Հայաստանին զենք և ռազմամթերք չմատակարարվի։
Մենք դեպքեր ունենք, երբ 100 միլիոնավոր դոլարներ վճարված են, բայց Հայաստանի նկատմամբ մատակարարումների պարտավորությունները չեն կատարվում, այդ թվում՝ դաշնակից պետությունների կողմից։
Այս ամենը տեղի է ունենում մի հեռահար կամ գուցե ոչ հեռահար նպատակով, որ մենք հրաժարվենք մեր պետականությունից, մենք հրաժարվենք մեր ինքնիշխանությունից, մենք մեր տարածքային ամբողջականությունից զիջումներ անենք։
Մենք ականջալուր ենք և ընդունում ենք և համաձայն ենք բոլոր այն կոչերին և ընդգծումներին, որ հարցերը պետք է լուծել դիվանագիտական խաղաղ ճանապարհով։ Բայց ինչպես տեսնում ենք՝ Ադրբեջանը շարունակաբար դիմում է ագրեսիվ գործողությունների։ Այս իրավիճակում մենք միջազգային գործընկերներին հետևողականորեն առաջարկում ենք հետևյալ բանաձևը․
Լուծում կարող է լինել Հայաստան-Ադրբեջան սահմանին միջազգային դիտորդական առաքելության տեղակայումը։ Կլինի դա՝ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԵԱՀԿ-ի, թե որևէ այլ միջազգային կազմակերպության։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ից սկսած, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները, ականանետերի և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակների կիրառմամբ, կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմն ունի 3 զոհ, հայտարարել էր ՀՀ ՊՆ-ն։
Միևնույն ժամանակ, Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարություն էր տարածել, որ «չնայած հրադադարի պայմանավորվածությանը, սեպտեմբերի 28-ին՝ ժամը 18:00-ի սահմաններում, հայկական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Քելբաջարի շրջանի Ալագելերի ուղղությամբ տեղակայված ադրբեջանական բանակի ստորաբաժանումների ուղղությամբ»։ Ադրբեջանական կողմն ունի 1 վիրավոր։
Սեպտեմբերի 28-ի ժամը 22:00-ից, ըստ ՀՀ ՊՆ-ի, իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է։