19։00 — Իրանը հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի Իրան-Հայաստան սահմանին, հայտնում է ՀՀ-ում Իրանի դեսպանությունը՝ «Լուրերին» տված մեկնաբանության մեջ։
«Ինչպես որ հեղափոխության գերագույն առաջնորդի և Ռուսաստանի ու Թուրքիայի նախագահների միջև կայացած հանդիպումները լուսաբանող լուրերում ականատես եղանք, Իրանը դեմ է հարևան երկրների տարածքային ամբողջականության և սահմանների խախտմանը և հատուկ դիմադրություն կցուցաբերի ցանկացած սցենարի, որը կվնասի երկու հարևան ժողովուրդներին կապող պատմական ուղի հանդիսացող Իրան-Հայաստան սահմանին»։
18:40 — ԱԻՆ փրկարար ծառայողները խմբով գնացել են Սյունիքի մարզի Ներքին Հանդ գյուղի տարածք դիեր վերադարձնելու, խմբի մի մասը վերադարձել է, իսկ փրկարարներից մեկի հետ մինչ այս պահը կապ հաստատել չի հաջողվել։
Նորություն լինելու դեպքում հավելյալ կտեղեկացնենք, հայտնում է ԱԻՆ խոսնակ Հայկ Կոստանյանը։
18։30 — Մեկնարկել է ՄԱԿ Անվտանգության խորհրդի հրատապ նիստը, որտեղ Հայաստանի դիմումի հիման վրա քննարկվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության դեմ Ադրբեջանի սանձազերծած ռազմական ագրեսիան, հայտնում է ԱԳՆ մամուլի խոսնակը։
Ուղիղ եթերն` այստեղ։
15:00 — Ադրբեջանական հրետակոծության հետևանքով վիրավորված քաղաքացիական անձանց թիվը հասել է 7–ի։ Մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. հայտարարել է Առողջապահության նախարարությունը։
14։00 — Նախնական տվյալներով` Գեղարքունիքի, Սյունիքի, Վայոց ձորի մարզերում վնասվել է 192 բնակելի տուն, որոնցից 60-ը՝ ամբողջությամբ: Այս մասին հայտնել է ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը։
13։20 — Ադրբեջանի ՊՆ-ն հաղորդում է ևս 21 զինծառայողների մահվան մասին։ Այս պահին ադրբեջանական կողմն ունի 71 զոհ:
13։00 — Սյունիքի Վերիշեն գյուղում երեկ մեկ քաղաքացիական անձ ոտքի բեկորային վնասվածք է ստացել, նրա կյանքին վտանգ չի սպառնում։ Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնել է Վերիշենի վարչական ղեկավար Արտակ Զադայանը։
Նրա խոսքով` երեկվանից, մոտ 20։00-ից սկսած մինչ այս պահը հակառակորդը չի հրետակոծել գյուղը։ Ներկա պահին գյուղում հանգիստ է։
11։00 — Այս պահի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին էական միջադեպեր չեն արձանագրվել, հայտարարել է ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը։
10։00 — Միջազգային հանրության ներգրավվածության շնորհիվ հաջողվել է ձեռք բերել հրադադարի պայմանավորվածություն՝ Հանրային հեռուստաընկերության եթերում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։
«Բնականաբար, առանց պայմանավորվածության հնարավոր չէր հրադադար ունենալ: Հուսանք՝ Ադրբեջանը կշարունակի պահպանել այն»:
Երեկ ավելի վաղ Ադրբեջանի արտգործնախարարը հայտարարել էր, թե Բաքուն Երևանին միակողմանի մարդասիրական հրադադարի առաջարկ է արել և պատրաստակամություն հայտնել հանձնել շուրջ 100 հայ զինծառայողների մարմինները: Հայաստանի ԱԳՆ-ից տեղեկացրել էին, որ նման առաջարկի վերաբերյալ տեղեկություններ չունեն։
Ադրբեջանի զինուժը սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից, Գորիսի, Սոթքի և Ջերմուկի ուղղությամբ հրետանային միջոցներից, խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից և ԱԹՍ-ներից ինտենսիվ կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ, հայտնել է Հայաստանի ռազմական գերատեսչությունը:
Հայկական կողմը հաղորդել է առնվազն 105 զոհերի մասին, ադրբեջանական կողմը՝ 50։ Տվյալները ճշտվում են։ Հայկական կողմից առնվազն մեկ զինծառայող է գերեվարվել։ Քաղաքացիական բնակչության շրջանում կա առնվազն 4 վիրավոր, 1 զոհ։
Մարդու իրավունքների պաշտպանի հաղորդմամբ՝ առնվազն 2570 անձ տեղահանվել են իրենց տներից Գեղարքունիքի մարզի Սոթք, Նորաբակ, Կութ, Ազատ, Այրք, Տրետուք, Կուտակավան, Սյունիքի մարզի Ճակատեն, Շիկահող, Սրաշեն, Ներքին Հանդ, Աղիտու, Ակներ, Վերին Շեն համայնքներից։
Հայաստանի ՊՆ-ի հաղորդմամբ, «որոշ ուղղություններով ադրբեջանական ստորաբաժանումները ձեռնարկել են դիրքային առաջխաղացման գործողություններ»։
Նախօրդ օրվա մանրամասները այստեղ (թարմացվող լրահոսում)։