«Մենք բոլորս գիտենք, որ երբ Ադրբեջանը պլանավորում է հերթական սահմանային սադրանքը, դա իրականացնելուց առաջ կազմակերպում է այդ սադրանքի տեղեկատվական լեգիտիմացման կեղծ հենքը:
Միջազգային հանրության բոլոր դերակատարները, ովքեր հետաքրքրված են հայ-ադրբեջանական խաղաղության գործընթացով և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, պետք է շատ ուշադիր հետևեն և հստակ գիտակցեն, որ հերթական անգամ Ադրբեջանը սադրանքի նախապատրաստական գործընթաց է սկսել։ Միջազգային թիրախավորված արձագանքը կարող է կանխել նախապատրաստվող այդ նոր սադրանքը», – գրել է հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը։
Առավոտյան Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարել, թե Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումները գնդակոծել են Գետաբեկի և Լաչինի շրջաններում, իսկ Ղարաբաղի «զինված կազմավորումները»՝ Քելբաջարի շրջանում տեղակայված ադրբեջանական դիրքերը։
Հայաստանի պաշտպանության նախարարությունը սա հերթական ապատեղեկավտությունն է որակել։ Հերքում է տարածել նաև Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը։
Արդեն կեսօրին Լեռնային Ղարաբաղի օմբուդսմենը հայտարարել է, որ առավոտյան 04:00-04:30-ի սահմաններում Արցախի Մարտունու շրջանի Կարմիր շուկա և Թաղավարդ համայնքների դիմաց տեղակայված դիրքերից ադրբեջանական կողմը կրակահերթեր է բացել տարբեր տեսակի և տրամաչափի հրաձգային զենքերի կիրառմամբ, կրակահերթերը տևել են շուրջ 30 րոպե։
«Ճշտված տեղեկություններով՝ տուժել է երկու բնակելի տուն Կարմիր շուկա համայնքում։ Տներից մեկի դեպքում գնդակը խոցել է երկրորդ հարկի պատշգամբի դուռը և թափանցել տան սենյակ։ Տան բոլոր 4 անդամներն, այդ թվում՝ մեկ անչափահաս, գտնվում էին տանը և արթնացել են կրակահերթերից։ Մյուս դեպքում գնդակը խոցել է բնակելի տան բակում գտնվող շվաքարանը», – գրել է մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։
Թաղավարդի տուժած տան հարևանությամբ հայտնաբերվել է ԴՇԿ տիպի խոշոր տրամաչափի գնդացրի գնդակ։
Պաշտոնական Բաքուն Կարմիր շուկայի քաղաքացիական ենթակառուցվածքները ադրբեջանական զինուժի կողմից թիրախավորելու մասին պնդումները «սուտ» է որակել։
Ադրբեջանը արդեն 10 օր է՝ հայկական կողմին ամենօրյա ռեժիմով մեղադրում է իր դիրքերը գնդակոծելու մեջ։ Երևանը ամեն անգամ հերքում է, պարբերաբար՝ հաղորդում նաև հայկական դիրքերի գնդակոծության մասին։ Սեպտեմբերի 5-ին սահմանին հայաստանցի զինվոր է սպանվել, ՊՆ նախնական տվյալներով՝ հակառակորդի կրակոցից։
Շաբաթ օրը՝ սեպտեմբերի 10-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը խորհրդակցություն էր հրավիրել և հրամայել բանակին՝ «մշտապես պատրաստ լինել Ղարաբաղում և հայ-ադրբեջանական սահմանին հայկական ԶՈւ-երի հնարավոր սադրանքների անհապաղ և վճռական կանխմանը»։ Խորհրդակցությանը, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, ներկա էինադրբեջանի բոլոր զորամիավորումների հրամանատարները։
Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանի կարծիքով, Ադրբեջանը նոր ռազմական սադրանքի է պատրաստվում, որպեսզի ստիպի Հայաստանին կատարել իր գլխավոր պահանջներից մեկը՝ «զինաթափել» Արցախը։
«Եթե հիշում եք, Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հուլիսին հայտարարել էր, որ սեպտեմբերին հայկական ինչ-որ զինված ստորաբաժանումներ են դուրս գալու Արցախից։ Պարզ է, որ Արցախում զինված ստորաբաժանումներ չկային ու չկան, և խոսքը հավանաբար վերաբերում էր հենց Պաշտպանության բանակի զինտեխնիկային, կարծում եմ, այս էսկալացիայի միջոցով Ադրբեջանը փորձում է ստիպել, որպեսզի այդ գործընթացը տեղի ունենա: Կարծում եմ, ցավոք սրտի, այո, մոտակա օրերին Ադրբեջանը դիմելու է ռազմական սադրանքի», – «Ազատության» հետ զրույցում նշել է Գրիգորյանը։
Հիշեցնենք, որ օգոստոսի սկզբի հարձակմանը, ինչպես նաև 2020-ի լայնամասշտաբ պատերազմին նախորդում էին Բաքվի նմանատիպ հայտարարությունները։ Օգոստոսի էսկալացիայից հետո հայկական կողմը փաստացի բավարարեց Բաքվի պահանջը՝ Լաչինի միջանցքով երթևեկությունը (ժամկետից շուտ) կազմակերպել նոր երթուղով, հանձնել Բերձորը, Աղավնոն և Սուսը։